Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում է ՀՀ դատախազությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 9/2 հողամաս հասցեում գտնվող՝ 0,05 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի հունիսի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,05 հա մակերեսով, 938 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան քաղաքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 1. 0,05 հա մակերեսով հողամասը, 2. 0,0451 հա մակերեսով հողամասը , 3. 0,08 հա մակերեսով հողամասը , 4. 0,02 հա մակերեսով հողամասը , 5. 0,0402 հա մակերեսով հողամասը , 6. 0,13 հա մակերեսով հողամասը : Published by Armenpress , original at https://armenpress.am/hy/article/1258243



