Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու արտադրատեսակներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջներին՝«Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ տանձի համով»։ Դրանց նմուշներում «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։ Տեսչական մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։



