Եվրոպան բաց թողեց առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ կրկին դուրս մնալ արհեստական բանականության (ԱԲ) ալիքից, քանի որ մրցակցելու համար անհրաժեշտ ամբողջ ներուժն ունի։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի նման հսկաների դեմ ԱԲ ոլորտում մրցավազքում հաղթելու համար ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի միասնական շուկայի ձևավորումը և ինտեգրի կապիտալի շուկաները, որոնք դեռևս չափազանց մասնատված են։ «Եվրոպան մեծ մասամբ դուրս մնաց առաջին թվային հեղափոխությունից, մինչդեռ այլք ստացան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումից բխող առևտրային օգուտների անհամաչափ մեծ մասը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել այդ փորձառությունը արհեստական բանականության (ԱԲ)՝ երկրորդ թվային հեղափոխության դեպքում»,- ասել է Լագարդը Ժնևում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի միջազգային բիզնես խորհրդի նիստում։ Լագարդի վերլուծությունը մեծապես համահունչ է իր նախորդի՝ Մարիո Դրագիի եզրահանգումներին։ Վերջինս 2024 թվականին հեղինակել էր ԵՄ տնտեսական մրցունակության վերականգնման վերաբերյալ կարևորագույն զեկույց՝ արհեստական բանականությունը բնութագրելով որպես Եվրոպայի վերջին հնարավորություն՝ վերստին միանալու տեխնոլոգիական գլոբալ մրցավազքին։



