Աբխազիան «թուրքանում» է

Տասը քաղաքական ուժեր դիմել են նախագահ Էրդողանին և կոչ արել «վերջ տալ Աբխազիայի մեկուսացմանը» և առաջին փուլում թույլատրել, որ աբխազզական «կապույտ անձնագիր» ունեցող անձինք կարողանան մուտք գործել Թուրքիա։ Այդ մասին գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն և հատուկ ընդգծել, որ թուրք-աբխազական ուղղակի կապերի հաստատման առաջարկությունը պաշտպանել է նաև վերջերս կազմավորված «Նոր կուսակցությունը»։ Աբխազիայի ԱԳՆ-ն արդեն թուրք քաղաքական գործիչներին երախտագիտություն է հայտնել։ Ինչպես ձևակերպել է ռուսաստանյան լրատվամիջոցը՝ Աբխազիայում «հանրային ոգևորվածության աստիճանը կտրուկ բարձրացել է, և քաղաքացիները ի պաշտպանություն թուրք պատգամավորների նախաձեռնության ստորագրահավաք են սկսել»։ Աբխազիայի «նախագահի խորհրդական» Սերգեյ Շամբան հիշել է «արտաքին գործերի նախարարի կարգավիճակով» իր մի քանի այցը Թուրքիա։ Նա հոռետես է և ասել է, որ թուրք քաղաքական գործիչների նախաձեռնությունից «հազիվ թե գործնական ինչ-որ բան ստացվի»։ Բացառված չէ, որ Շամբան պարզապես չի ցանկացել դեպքերից առաջ ընկնել։ Աբխազիայի խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների «փորձաքար է եղել» նաև խորհրդային առաջին տասնամյակներին, երբ ինքնավար հանրապետության ղեկավարությունը մեղադրվել է Թուրքիայի «հովանու ներքո Վրաստանից անջատվելու» մտադրության մեջ և ենթարկվել բռանդատության։ Կարծես թե Մոսկվայում աբխազական վերնախավից լուրջ դժգոհություն է հասունանում։ «Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակը բավական թափանցիկ ընդգծել է, որ եթե Ռուսաստանի համար «Թուրքիան ռազմական թշնամի դաշինքի անդամ և աշխարհաքաղաքական մրցակից է, ապա աբխազների համար սևծովյան հարևան երկիր» է։ Թուրքիայում ազդեցիկ աբխազական սփյուռք կա, որ իսլամադավան է և պատմական հայրենիքի հետ կապը դեռևս գիտակցում է։ «Նեզավիսիմայա գազետա»-ն Թուրքիայի և Աբխազիայի միջև հարաբերությունների հացի շուրջ զրուցել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ, հայկական համայնքի ներկայացուցիչ Լևոն Գալուստյանի հետ։ Նա նույնպես աջակցել է «Թուրքիայի և Աբխազիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին»։ Գալուստյանը շեշտել է, որ Աբխազիայի հայ բնակչության մեծամասնությունը «Համշենից է, ունի պատմական հիշողություն և ցավոտ է արձագանքում Թուրքիայի հետ առնչվող շատ բաների, բայց մենք Աբխազիայի հանրապետության քաղաքացի ենք, և այն, ինչ օգտակար է մեր հայրենիքին, օգտակար է նաև մեզ համար»։ Վերջին երկու-երեք շաբաթներին աբխազական թեման քննարկվել է նաև Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ Կա տեսակետ, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին առաջարկել են «աշխարհաքաղաքական լոյալություն՝ ակնակալելով Աբխազիայի խաղաղ վերամիավորում»։ Բացառված չէ, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները Էրդողանին առաջարկել են «իրավիճակից առավելագույնը քամել և հրապարակայնացնել Աբխազիայի հետ հարաբերությունները»։ Ըստ երևույթին, հայկական համայնքի ներկայացուցչի հայտարարությունը պետք է հասկանալ այն իմաստով, որ «աբխազահայությունը հանուն Ռուսաստանի դեմ չի գնա հանրային իշխող տրամադրությանը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11419

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով