Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը։ Բավական է մի թռուցիկ հայացք նետել այդ փաստաթղթի վերաբերյալ արտաքին արձագանքներին, որպեսզի պատկերացում կազմենք, թե Հայաստանի վարչապետի հնչեցրած մտքերից ո՞րն է կարևոր համարվել այս կամ այն «խաղացողի» կողմից։ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները, մասնավորապես, հիմնականում անդրադարձել են ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությանը, բայց առայժմ մեկնաբանություն չեն արել։ Պարզապես ընդգծվել է, որ Փաշինյանը «ուրախ կլիներ, եթե կայացվեր ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու որոշում»։ Ադրբեջանական մամուլը, բնականաբար, սևեռվել է Փաշինյանի այն հայտարարության վրա, որ վերաբերում է Հայաստանի երկաթուղիներին, իսկ եվրոպական լրատվամիջոցներին հետաքրքրել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին ասվածը։ Մնում է փորձել հասկանալ՝ այս «եռանկյունին գծված է և պիտի առանձին բաղադրիչներից հավաքվի՞», թե՞ դեռևս «մշակման փուլում» է։ ՀԱՊԿ-ից Հայաստանին «հեռացնելը» ռազմական այդ դաշինքը «կամրապնդի՞», թե մյուս անդամները «առիթի են սպասո՞ւմ»։ Եվ ամենակարեւորը՝ իսկ անվտանգային ի՞նչ համակարգի «մաս է կազմելու» Հայաստանը կամ, գուցե, «մշտական չեզոքությո՞ւն է հայտարարելու»։ Տաշքենդում Իլհամ Ալիևը խոսել է Նախիջևանի երկաթուղին վերակառուցելու և արդիականացնելու մասին։ Նա չի բացառել, որ այդ նախագիծը կարող է իրականացվել «միջազգային կոնսորցիումի միջոցով»։ Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Եվրամիությունը Նախիջևանի երկաթուղու վերականգնման «նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ է իրականացնում»։ Հայաստանի կառավարությունը իր հերթին երկաթուղու Երասխ-Սադարակ վերականգնման ծրագիր է իրականացնում։ Խոսելով անվտանգության մասին, վարչապետ Փաշինյանը կարևոր բաղադրիչ է գնահատել պետության ներքին լեգիտիմությունը։ ՀԱՊԿ-ի «միջուկ» Ռուսաստանը հինգերորդ տարին է՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է։ Ճիշտ է, Մոսկվան ՀԱՊԿ-ի դաշնակիցներից ռազմական «օգնություն չի խնդրել», բայց ֆորմալ առումով այդ հնարավորությունը առկա է։ Դա Հայաստանի պետական լեգիտիմությունը «թուլացնո՞ւմ» է։



