Իսկ ո՞րն է «իրական Ադրբեջանը»

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան հերթական «բոց»-գրառումն է կատարել և Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցի «ֆանատներին» հորդորել, որ «գոնե լռեն»։ Նա Հայաստանի վարչապետին անվանել է «ռազմական հանցագործ, ում հրամանով ադրբեջանական խաղաղ քաղաքները հրթիռակոծման են ենթարկվել»։ Զուլֆուգարովի բուն ասելիքը, սակայն, այն է, որ Փաշինյանը անկլավների մասին այնպես է խոսում, ասես «նվիրատվություն է անում, ոչ թե մեզ պատկանողը վերադարձնում»։ Իշխանական minvalpolitika-ն էլ «զննության է ենթարկել» Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քարտեզը և «պարզել, որ Քյարքին, Բարխուդարլուն և Ասքիփարան այնտեղ նշված չեն որպես Ադրբեջանին պատկանող տարածքներ»։ Տեղեկատվա-քարոզչական այս գրոհից ի՞նչ կարելի է և պետք է հասկանալ։ Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն «իրական Հայաստանի» խոսույթից զգուշացած է, քանի որ դրա համարժեք պատասխանը պետք է լինի «իրական Ադրբեջանը»։ Եթե ադրբեջանական հանրությունը Փաշինյանի այնքան «ֆանատներ» ունի, որ նախկին արտգործնախարարը նրանց լռության է կոչել և պարզաբանել, որ Հայաստանի վարչապետը «նվիրատվություն չի անում», ընդ որում՝ ապագա սահմանազատումը ակնհայտորեն կապում է քառասունչորսօրյա պատերազմի հետ, ապա հետևում է, որ Ալիևը հետապնդում է «գետնի վրա իրավիճակը գերակա ճանաչելու» նպատակ։ Անցյալ տարի Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի կողմ հանդես են գալիս իրական Հայաստանը և իրական Ադրբեջանը։ Բայց նախ՝ այդ փաստաթուղթը ստորագրված չէ, երկրորդ, որ նույնպես շատ կարևոր է, մենք պաշտոնական Բաքվից դեռևս հրապարակային հայտարարություն չենք լսել, որ անկախ Ադրբեջանը Ադր․ԽՍՀ-ի տարածքի ժառանգորդն է։ Կարելի է լավատես լինել և ասել, որ Ալիևը «ներքին խնդիրներ ունի», բայց ամեն ինչ սահման ունի։ Ե՞րբ է Ադրբեջանի նախագահը հրաժարվելու «Հայաստանի ներկայիս տարածք» ձևակերպումից, ե՞րբ է նաև «արևմտյան Զանգեզուրի» փոխարեն ասելու «Հայաստանի Սյունիքի մարզ»։ Եթե այս հարցերին պատասխան չկա, իսկ դա այդպես է, նշանակում է նա միայն թղթի վրա է ճանաչել «իրական Ադրբեջանը»։ Այսպիսով, մենք չգիտենք, թե ո՞րն է «իրական Ադրբեջանը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11622

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով