Հայաստանը մտնում է մի փուլ, որտեղ արտաքին քաղաքականության առանձին քայլերն արդեն դժվար է իրարից անջատ դիտարկել։ Կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը փաստացի արձանագրում է հարաբերությունների վերաձևում Ռուսաստանի հետ, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու պատրաստակամություն, ՀԱՊԿ-ից վերջնական հեռացման տրամաբանություն, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ գործընկերների դերակատարության մեծացում։ Վարչապետն այս քաղաքականությունը ձևակերպում է որպես «այլընտրանքների ստեղծում»՝ պնդելով, որ այլընտրանք չունենալն ինքնիշխանության սպառնալիք է։ Բայց հենց այստեղ էլ սկսվում են ամենադժվար հարցերը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատավորումը միայն քաղաքական չէ․ Մոսկվան արդեն սահմանափակումներ է կիրառում հայկական արտահանման նկատմամբ, ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղին կարող է Հայաստանին դուրս թողնել ԹՐԻՓՓ-ի ստեղծած նոր լոգիստիկ հնարավորություններից, իսկ Իրանի նկատմամբ ամերիկյան նոր տնտեսական ճնշումը կարող է սահմանափակել նաև այն ուղղությունը, որը Երևանը դիտարկում է որպես տնտեսական և էներգետիկ այլընտրանք։ Միաժամանակ Բրյուսելն այսօր արդեն հայտարարում է, որ Հայաստանը ԵՄ-ին «ավելի մոտ է, քան երբևէ», բայց անդամակցության ճանապարհը մնում է երկար, պայմանական և բարեփոխումներից կախված։ Այսինքն՝ գլխավոր հարցն այլևս միայն այն չէ, թե Հայաստանը հեռանո՞ւմ է Ռուսաստանից։ Հարցն այն է՝ կա՞ հաշվարկ, թե ինչով, ինչ ժամկետում և ում մասնակցությամբ պետք է լրացվի Ռուսաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական և ենթակառուցվածքային ահռելի ներկայության հնարավոր նահանջը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



