ԱՄՆ-ը կասեցրել է վիզաների հարցազրույցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես կասեցրել է ամբողջ աշխարհում ներգաղթային վիզաների դիմորդների հարցազրույցների նշանակումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ բոլոր դեսպանատներում և հյուպատոսարաններում մեկնարկել է հյուպատոսական աշխատակիցների վերապատրաստման գլոբալ ծրագիր։ Այդ գործընթացը կազմակերպելու համար վիզաների տրամադրման ծառայությունների հանդիպումների ժամանակացույցը ժամանակավորապես կվերանայվի։ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին խստացրել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունը՝ իրականացնելով լայնածավալ արտաքսումներ և սահմանափակելով ներգաղթային գործընթացները։ Այդ միջոցառումների շրջանակում եղել են նաև վիզաների և «գրին քարտերի» չեղարկումներ, ինչպես նաև որոշ դիմումների մերժումներ։ Վարչակազմը պնդում է, որ նման խստացումների նպատակն ԱՄՆ ազգային և ներքին անվտանգության ամրապնդումն է։ Միևնույն ժամանակ, ներգաղթային քաղաքականության որոշ միջոցառումներ բախվել են իրավական խոչընդոտների։ Ուրբաթ օրը ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի վարչակազմի այն որոշումը, որով կասեցվում էր 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը։ Դատավորը որոշել է, որ այդ քաղաքականությունը դուրս է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից։ Պետդեպարտամենտը չի հայտնել, թե որքան կտևի նոր վերապատրաստման ծրագիրը։ Գերատեսչությունից միայն նշել են, որ դասընթացի նպատակն է հյուպատոսական աշխատակիցներին պատրաստել վիզաների դիմորդների ավելի մանրակրկիտ գնահատմանը։ Մասնավորապես, խոսքը այն դիմորդների բացահայտման մասին է, որոնք, ըստ գնահատման, կարող են հետագայում կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ պետական նպաստներից։ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ նպատակն է ապահովել վիզայի յուրաքանչյուր դիմորդի «համապարփակ և հետևողական» գնահատումը։ Ներգաղթային վիզաների հարցազրույցների նշանակման կասեցման մասին ավելի վաղ հայտնել էր Financial Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսարաններում արդեն նշանակված հարցազրույցներ ունեցող դիմորդները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ իրենց հանդիպումների ամսաթվերը փոխվում են։ Նրանց հայտնել են, որ նոր հարցազրույցի ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ ծանուցում կստանան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11659

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով