Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանում նորից բացել է շատ ավելի հին հարց՝ ինչո՞ւ պետությունը տարիներ շարունակ չի կարողացել իրավական ավարտի հասցնել նախկին իշխանության շրջանին վերաբերող ամենածանր գործերը։ Հակակոռուպցիոն կոմիտեն Քոչարյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դրվագներով, իսկ քննությունը վերաբերում է պետական արժեքավոր գույքի՝ ենթադրաբար շուկայականից էապես ցածր գներով և փոխկապակցված ընկերությունների միջոցով օտարմանը։ Սեդրակ Քոչարյանին վերագրվում են փողերի լվացում և այդ սխեմաներին օժանդակելու դրվագներ։ Բայց այսօրվա գործից ավելի մեծ քաղաքական-իրավական ֆոն կա։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ֆարմանյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրեց, որ 2008-ի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ինը զոհերից յոթի կյանքի իրավունքը խախտվել է՝ ոստիկանության վատ պլանավորված գործողության և անհամաչափ մահաբեր ուժի կիրառման հետևանքով։ Եվ առավել ծանր՝ դատարանը բոլոր ինը մահերի քննությունը ճանաչեց անարդյունավետ՝ նշելով քիչ կամ անիմաստ քննչական գործողություններ, քաղաքական կողմնակալության տպավորություն և բարձրաստիճան պատասխանատուների հնարավոր դերի պատշաճ չքննարկում։ Ութ տարի անց Նիկոլ Փաշինյանն արդեն բաց հայտարարում է, որ դատական համակարգը շարունակում է կապված մնալ նախկին վերնախավերի շահերի հետ և դրա արմատական վերափոխումը կապում է նոր Սահմանադրության հետ։ Հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը՝ արդարադատության ուշացումը նախկին համակարգի դիմադրությա՞ն արդյունք է, գործող իշխանության ութ տարվա ձախողո՞ւմը, թե երկուսը միասին։ Զրուցել ենք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



