Ընտրովի արդարադատություն. Ի՞նչ կլիներ, եթե հաշվեհարդարի հրահանգը վերաբերեր Խաչատուր Սուքիասյանին կամ Սամվել Ալեքսանյանին

Ապօրինի գույքի բռնագանձումների շրջանակներում Գլխավոր դատախազը, ՔՊ-ական քարոզիչները, ժողովրդի զգացմունքների վրա խաղալու համար, կառավարության նիստերին, Ազգային ժողովում, այլ ամբիոներից ժամանակ առ ժամանակ հնչեցնում են հայտարարություններ, թե ինչքան գույք ու միլիոններ են պատրաստվում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից, Գագիկ Խաչատրյանից, մյուս նախկիններից։ Իհարկե, դեռ հարց է, թե դա որքանո՞վ իրականություն կդառնա։ Արդեն տեսանելի է, որ շատ դեպքերում ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ ներկայացված գնահատականները մեծ հաշվով չափազանցված են, երբեմն՝ հնարովի։ Բայց որ ավելի մտահոգիչ է, այդ գործընթացը խիստ ընտրողաբար են իրականացնում։ Իշխանության մահակը ոչ բոլորի վրա է իջնում կամ իջնում է ոչ նույն ուժգնությամբ։ Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ Գագիկ Ծառուկյանն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործերով, իսկ, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանը, ով մեզ հայտնի նախկիններից շատ ավելի նախկին է ու այս ընթացքում հսկայական ունեցվածք է կուտակել, չի անցնում։ Կամ Սամվել Ալեքսանյանը, ով նախկինում նախկինների հետ էր տալիս-առնում, հիմա՝ ներկաների։ Օր ու մեջ կառավարությունը հարկային արտոնություններ է շռայլում Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսներին։ Երկուսն էլ իրենց բիզնես-կայսրությունները հիմնել են նախկինում, նախկինների օրոք են սկսել կուտակել իրենց ունեցվածքը, բայց նրանց անունները չեն հնչում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակներում։ Տարօրինակ զուգադիպություն կա երկուսի դեպքում էլ՝ երկուսն էլ իշխանության սրտի գործարարներն են, ինչն էլ նրանց իմունիտետ է տալիս։ Էլի շատերը կան, որոնք նախկին են, նախկինների օրոք հայտնի ու անհայտ ճանապարհներով հարստություն են կուտակել, բայց նրանց անուններն էլ չեն շոշափվում, ինչպես Խաչատուր Սուքիասյանինը կամ Սամվել Ալեքսանյանինը։ Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանը վերջին տասնամյակներին ոչ պակաս գույք ու եկամուտներ են կուտակել, քան նույն Գագիկ Ծառուկյանը, սակայն այս մարդկանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ոչինչ հայտնի չէ։ Մի պահ Երևանի Արամի 3 շենքը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին ժամանակին մի քանի հազար դոլարով վաճառելու վերաբերյալ որոշ աղմուկ բարձրացավ՝ օրինականության հետ կապված, բայց հետո ամեն ինչ շատ սահուն մարեց։ Տպավորություն է, որ Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքի ու կուտակած հարստության մասով անօրինական ոչինչ չկա։ Նույնը Սամվել Ալեքսանյանի պարագայում, ում ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր պետությանը թալանելու ու հարկերը չվաճարելու մեջ։ Բայց ո՞վ կհավատա դրան։ Խաչատուր Սուքիասյանը դեռ 1990-ականներից է սերտաճել իշխանությանը։ Ըստ էության, նրանից է սկսվում Հայաստանում օլիգարխիայի ձևավորումը։ Դեռ այն ժամանակ Խաչատուր Սուքիասյանն ու իր ընտանիքի որոշ անդամներ ամուր կապեր ունեին իշխանությունների հետ, օգտվում էին իշխանությունների հովանավորությունից, ընձեռած հնարավորություններից ու կուտակում իրենց ունեցվածքը։ Սուքիասյանների ստեղծած բիզնես-կայսրությունը երկար պատմություն ունի, և հազիվ թե կարելի է կարծել, որ այդ պատմությունը հարթ է եղել, դրանում «մութ էջեր» չկան։ Պարզապես Խաչատուր Սուքիասյանն այն գործարարներից է, ով համագործակցում է իշխանությունների հետ ու նրա, ինչպես ներկա բիզնես գործունեությունը, այնպես էլ նախկինում կուտակած ունեցվածքն ապահովագրված է ապօրինի գույք համարվելուց։ Բայց դա չի նշանակում, որ այդ գույքի ու կուտակված հարստության հետ կապված խնդիրներ չկան կամ ցանկության դեպքում չեն կարող հայտնաբերել։ Այլ բան, որ իշխանություններն այդպիսի ցանկություն չունեն։ Նույնը նաև Սամվել Ալեքսանյանին է վերաբերում, ում անվան հետ ժամանակին բազմաթիվ պատմություններ են կապվել։ Բայց Սամվել Ալեքսանյանի կուտակած ունեցվածքի ու հարստության օրինականության մասին ո՛չ Գլխավոր դատախազությունը, ո՛չ էլ ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չեն խոսում։ Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ։ Ինչպես Խաչատուր Սուքիասյանը, այնպես էլ Սամվել Ալեքսանյանը պարբերաբար տասնյակ-միլիոնավոր դրամներ են փոխանցում Նիկոլ Փաշինյանի կնոջ «Իմ Քայլը» հիմնադրամին, ՔՊ-ին, իշխանության կազմակերպած դրամահավաքներին են մասնակցում, միլիոնների նվիրատվություններ են անում։ Սա, իհարկե, իշխանության հետ նրանց համագործակցության միայն տեսանելի մասն է։ Հազիվ թե կարելի է կարծել, որ այդքանով այն սահմանափակվում է։ Իշխանության հետ համագործակցությունն էլ նրանց անխոցելի է դարձնում։ Փոխարենը՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ քաղաքական հաշվեհարդար պետք է տեսնի Գագիկ Ծառուկյանի ու նրա բիզնեսների հետ, իրավապահները՝ մի կողմից, հարկայինը՝ մյուս կողմից, հարձակվեցին մարդու բիզնեսների վրա։ Ամենուրեք խախտումներ, չարաշահումներ, հարկերի չվճարման, ստվերային եկամուտների դեպքեր «բացահայտեցին»։ Եթե հաշվեհարդարի հրահանգը Գագիկ Ծառուկյանի փոխարեն՝ Խաչատուր Սուքիասյանին կամ Սամվել Ալեքսանյանին վերաբերեր, կասկած չկա, որ նույն համատարած «խախտումներն ու չարաշահումները» կհայտնաբերեին նրանց բիզնեսներում։ Չեն հայտնաբերում, որովհետև չկա հրահանգ։ Լինելու դեպքում՝ չեղած տեղից էլ կգտնեին, չգտնեին՝ կստեղծեին։ Միամտություն է կարծել, թե նրանք օրենքների ու իրավական գործընթացների հետ պարտք ու պահանջ չունեն, խախտումներ չեն արել, չարաշահումներ թույլ չեն տվել, շրջանառություններն ու հարկերը չեն թաքցրել։ Խաչատուր Սուքիասյանը, ով սիրում է տեղի-անտեղի նախկիններին մեղադրել իրենից «Բջնին» խլելու մեջ, լավ գիտի, թե ինչպես է հարկայինը միլիարդների չհայտարարագրված շրջանառություն բացահայտել այդ ընկերությունում։ Դրա հիման վրա էլ հաշվարկվեցին չկատարված հարկային պարտավորություններ, որոնք վճարելուց հրաժարվելու պատճառով գործարանը հանվեց վաճառքի։ Հետոն ցույց տվեց, որ «Բջնիում» շատ ավելի մեծ հարկեր են առաջանում, քան վճարում էին։ Հիմա էլ, որ հարցնես՝ կասեն, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ օրինական է, ապօրինի գույք ու եկամուտներ չկան, տարբեր ճանապարհներով ձեռք բերված միջոցներ չկան։ Թղթերով հավանաբար այդպես էլ կա։ Բայց այնպես չէ, որ այդ թղթերի տակ, նույնիսկ չեղած տեղից, չեն կարող «կեղտ» գտնել։ Դրա համար ընդամենը ցանկություն ու քաղաքական հրահանգ է պետք, ինչը կա Գագիկ Ծառուկյանի, բայց չկա Խաչատուր Սուքիասյանի կամ Սամվել Ալեքսանյանի դեպքում։ Երբ լինի, ամեն ինչ էլ կհայտնաբերեն, որովհետև այդպիսին է Հայաստանում իրականացվող արդարադատությունը։ ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով