2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Փոփոխության նպատակն է տեսական քննությունը դարձնել առավել նպատակային՝ հնարավորություն տալով ստուգել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Ի՞նչ է փոխվել Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։ Նոր կարգով՝ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։ Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները։



