ՌԴ սահմանափակումները գյուղոլորտի վրա լուրջ հետևանքներ կունենան․այլընտրանքային շուկա, գուցե, չգտնվի

Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը տեղափոխում է նոր մակարդակ։ Օգոստոսի 24-ին հայտարարված Operation Economic Outcast-ի նպատակը արդեն միայն իրանական առանձին ընկերությունների կամ նավթային գործարքների պատժումը չէ․ Վաշինգտոնը բաց տեքստով զգուշացնում է նաև երրորդ երկրներին, նրանց ընկերություններին ու ֆինանսական հաստատություններին, որ Իրանի հետ տնտեսական ներգրավվածությունը կարող է բերել երկրորդային պատժամիջոցների, դոլարային համակարգից կտրման և այլ սահմանափակումների։ Նոր ոլորտային ռեժիմը հատուկ շեշտադրում է թվային ակտիվները, տեխնոլոգիաները, ոսկին, ավիացիան և նավագնացությունը։ Հայաստանի համար սա տեսական խնդիր չէ։ 2025-ին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 768 մլն դոլար, որից Հայաստանի արտահանումը՝ մոտ 88 մլն, ներմուծումը՝ շուրջ 680 մլն դոլար։ 2026-ի առաջին կեսին շրջանառությունն արդեն մոտեցել է 371 մլն դոլարի։ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի մոտ 3.6 տոկոսն է, բայց առանձին ապրանքների և հատկապես էներգետիկայի դեպքում կախվածությունը շատ ավելի մեծ է. միայն 2025-ին Իրանից ներմուծված բնական գազի արժեքը շուրջ 101 մլն դոլար էր, իսկ գազը Հայաստան է գալիս «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման սխեմայով։ 2024-ին դեպի Իրան է գնացել Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ 95 տոկոսը՝ 1.465 մլրդ կՎտժ։ Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի՝ հատուկ սահմանված անձանց և արգելափակված անձանց ցանկում շարունակում է մնալ Հայաստանում գործող «Մելլաթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի վերաբերյալ հատուկ նշված է, որ այն ենթակա է երկրորդային պատժամիջոցների։ Սա նոր՝ 2026-ի պատժամիջոց չէ. հայկական բանկը ամերիկյան ցուցակում է դեռ 2018-ից, բայց նոր ռեժիմի պայմաններում այդ փաստի նշանակությունը կարող է էապես մեծանալ։ Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանը արդեն բախվում է հենց Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների՝ հայկական գյուղմթերքի և այլ ապրանքների ռուսական շուկա մուտքի հետ կապված խորացող ճգնաժամին, իսկ առաջիկայում հնարավոր են նաև ռուսական գազի գնի վերանայման հետ կապված զարգացումներ։ Այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դառնում է ոչ միայն կարևոր առևտրային գործընկեր, այլև Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հնարավոր այլընտրանք, հատկապես իրանական գազի մատակարարումների ընդլայնման տեսանկյունից։ Եվ հենց այստեղ ամերիկյան նոր պատժամիջոցները Հայաստանի համար կրկնակի ռիսկ են ստեղծում. եթե ռուսական շուկան սահմանափակվում է, ռուսական գազը կարող է թանկանալ, իսկ Իրանի հետ տնտեսական ու էներգետիկ համագործակցության ընդլայնումն էլ բարդանում է պատժամիջոցների պատճառով, ապա ի՞նչ այլընտրանքներ և ելքեր են մնում Հայաստանի տնտեսության համար։ Թեման քննարկել ենք տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավաբան Սուրեն Պարսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12041

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով