Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած հայտարարությունները միասին վերցրած արդեն դժվար է դիտարկել որպես արտաքին քաղաքական առանձին դրվագներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ «սպառված է», առաջիկա հինգ տարում վերադարձ չի նախատեսվում և նույնիսկ ասում է՝ գոհ կլինի, եթե կազմակերպությունն ինքը որոշի հեռացնել Հայաստանին։ Նույն օրը կառավարությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց սկսելու մասին՝ հանրաքվեն թողնելով այն փուլին, երբ Բրյուսելից արդեն կլինի արձագանք և հնարավոր ճանապարհային քարտեզ։ Մոսկվան անմիջապես արձագանքում է՝ Հայաստանի իրավունքը չվիճարկելով, բայց հիշեցնելով Թուրքիայի՝ տասնամյակներով ձգվող եվրոպական ճանապարհը։ Սրան գումարվում են ավելի առարկայական զարգացումները։ Փաշինյանը Ռուսաստանի կառավարմանը հանձնված հայկական երկաթուղու հարցում հայտարարում է՝ «մեր սեփականությունն է», և եթե «բարեկամական լուծում» չլինի, Հայաստանը կգնա իրավական ճանապարհով։ 2008-ի կոնցեսիան կնքված է 30 տարով՝ ևս 10 տարի երկարացնելու հնարավորությամբ, բայց Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապերի բացման ու TRIPP-ի պայմաններում Հայաստանի երկաթուղին արդեն կարող է դառնալ նոր տարածաշրջանային համակարգի առանցք։ Այդ դեպքում հարցը Ռուսաստանի հետ վեճից վերածվում է Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ իրական վերահսկողության խնդրի։ Այս ամբողջ պատկերի մեջ Ադրբեջանի հետ «դե ֆակտո խաղաղությունը» նույնպես մտնում է նոր փուլ։ Փաշինյանն ասում է՝ Հայաստանը պետք է դադարի «Ադրբեջանում Հայաստան փնտրել», Ադրբեջանը՝ «Հայաստանում Ադրբեջան», մինչդեռ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցը, անկլավները, Տիգրանաշեն–Արծվաշենը և հասարակությունների միջև թշնամանքի հաղթահարումը դեռ լուծված չեն։ Հարցն այն է՝ Հայաստանը պարզապես հեռանո՞ւմ է ռուսական նախկին համակարգից, թե արդեն կառուցում է նոր՝ եվրոպական, տարածաշրջանային և ինքնիշխանության վրա հիմնված քաղաքական ճարտարապետություն, և որքանով է այդ ճանապարհը հասկանալի Բաքվին, Մոսկվային և հենց հայկական հասարակությանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



