Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզի Միլա գյուղում շարունակվում են ռուսական հարվածի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրա խոսքով՝ փրկարարներին հաջողվել է մարել հրդեհների մեծ մասը, իսկ ԱԻՊԾ-ի պիրոտեխնիկական ստորաբաժանումները շուրջօրյա աշխատում են տարածքում՝ հայտնաբերելով և վնասազերծելով պայթյունավտանգ առարկաները։ Զելենսկին նշել է, որ տարածքի աղտոտվածության մասշտաբը մեծ է, ուստի աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Զելենսկու փոխանցմամբ՝ հարվածի և դրան հաջորդած պայթյունների հետևանքով զոհվել է 38 մարդ։ Եվս 20 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա։ Չորս մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ վերջին օրերին ռուսական ռեակտիվ անօդաչու սարքերի պատճառով բազմաթիվ օդային տագնապներ են հայտարարվել Կիևում և երկրի այլ շրջաններում։ Նա նշել է, որ անօդաչուներից արձակված հարվածները հասել են նաև բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների։ Զելենսկին հայտնել է, որ միայն այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է գրեթե 2 հազար հարվածային անօդաչու սարք, ավելի քան 1600 ավիառումբ և տարբեր տեսակի 31 հրթիռ, այդ թվում՝ հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ։ Նա նաև նշել է, որ գրեթե շուրջօրյա հարվածներ են իրականացվում առաջնագծի և սահմանամերձ համայնքների ուղղությամբ, այդ թվում՝ Նիկոպոլի, Կրամատորսկի, Խերսոնի, Խարկովի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Սումիի շրջաններում։



