Մեծ և փոքր պետությունների հարաբերություններում անհավասարությունը հաճախ երևում է ոչ թե նրանից, թե ով է ավելի շատ խոսում, այլ նրանից, թե ով է հարցերը տալիս ։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը հենց այդ իմաստով Հայաստանի արտաքին քաղաքականության փոքր, բայց կարևոր քննություն է լինելու։ Մոսկվան իր հարցերը նախապես հայտարարել է։ Կրեմլը ցանկանում է իմանալ՝ ինչպես է Հայաստանը պատրաստվում համատեղել Եվրամիությանն անդամակցելու ձգտումը Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։ Յուրի Ուշակովը նույնիսկ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ձգտել Եվրամիություն և ստանալ ԵԱՏՄ անդամակցության «հսկայական օգուտները»։ Մոսկվան պատրաստվում է բարձրացնել նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների հարցը՝ հատուկ ընդգծելով Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցներին։ Հարցերը լեգիտիմ են այնքանով, որքանով պետությունները կարող են միմյանցից պարզաբանում պահանջել իրենց հարաբերությունների ապագայի վերաբերյալ։ Բայց հենց այդ պատճառով Երևանն էլ պետք է հարցեր ունենա։ Եվ առաջին հարցը պետք է լինի ոչ թե Հայաստանի հեռավոր եվրոպական ապագայի, այլ Ռուսաստանի՝ այսօր գործող պարտավորությունների մասին։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը միասնական տնտեսական տարածք է, ինչո՞ւ են հայկական ծաղիկները, միրգը, բանջարեղենը, կաթնամթերքն ու այլ ապրանքներ ամիսներ շարունակ բախվում ռուսական սահմանափակումներին։ Ռուսաստանը դրանք բացատրում է բուսասանիտարական պահանջներով և Հայաստանից գործողությունների ծրագիր է պահանջում։ Երևանը հակադարձում է, որ սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ հիմնարար տրամաբանությանը։ Այստեղ տեխնիկական մանրամասներից ավելի կարևոր հարց կա. Եթե կանոնները միասնական են, ինչո՞ւ է շուկայի հասանելիությունը քաղաքական հարաբերությունների վատացման հետ այդքան հեշտորեն դառնում անկանխատեսելի։ Միությունը, որի առավելությունները Կրեմլը հիշեցնում է Հայաստանին, չի կարող միայն Երևանի պարտավորությունների ցուցակ լինել։ Եթե Հայաստանը պետք է բացատրի, թե ինչու է ուզում Եվրոպա գնալ, Ռուսաստանն էլ պետք է բացատրի, թե ինչու ԵԱՏՄ անդամ Հայաստանի գործարարը չի կարող վստահ լինել, որ վաղը իր ապրանքի ճանապարհը ռուսական սահմանին չի փակվի։ Բայց Բիշքեկի ամենակարևոր տնտեսական հարցը երկաթուղին է։ Հայաստանի երկաթուղային համակարգը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող ռազմավարական ենթակառուցվածք է, որը կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը։ Այդ պայմանագիրը կնքվել է բոլորովին այլ Հարավային Կովկասում՝ փակ հայ-թուրքական սահմանով, Հայաստան-Ադրբեջան պատերազմական հարաբերություններով և տարածաշրջանային հաղորդակցությունների գրեթե բացակայությամբ։ Այդ աշխարհն ավարտվում է։ Այսօր Հայաստանը պատրաստվում է վերականգնել Գյումրի-Ախուրյան և Երասխի երկաթուղային հատվածները, քննարկվում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, ԹՐԻՓ-ը և Հայաստան-Թուրքիա սահմանային ենթակառուցվածքների գործարկումը։ Երկաթուղին այլևս պարզապես խորհրդային ժամանակներից ժառանգված տրանսպորտային ձեռնարկություն չէ։ Այն Հայաստանի առաջիկա աշխարհատնտեսական վերափոխման ողնաշարն է։ Ուստի Պուտինին տրվելիք հարցը պետք է չափազանց պարզ լինի. Ռուսաստանը պատրա՞ստ է առաջիկա մեկ-երկու ամսում համաձայնեցնել կոնցեսիոն իրավունքների ամբողջական կամ մասնակի վաճառքը, թե Հայաստանը պետք է դադարի սպասել և անցնի իր իրավական հնարավորությունների գործարկմանը, ներառյալ միջազգային արբիտրաժը։ Այստեղ այլևս տարիներով «քննարկումները շարունակելու» տարածք գրեթե չկա։ Պատմության մեջ ենթակառուցվածքները միշտ իշխանություն են եղել։ XIX դարում կայսրությունները երկաթուղի էին կառուցում ոչ միայն ապրանք տեղափոխելու, այլ տարածք վերահսկելու համար։ Բրիտանական երկաթուղին Հնդկաստանում, ռուսականը Կովկասում կամ Բեռլին-Բաղդադ նախագիծը պարզապես տնտեսական նախաձեռնություններ չէին։ Գծերը քարտեզի վրա հաճախ ցույց էին տալիս, թե որտեղ է ավարտվում մեկ ուժի ազդեցությունը և սկսվում մյուսինը։ XXI դարում Հայաստանի հարցն ավելի պարզ է. կարո՞ղ է անկախ պետություն ն իր սեփական երկաթուղին օգտագործել իր ընտրած արտաքին տնտեսական ռազմավարության համար ։ Եթե պատասխանը այո է, պետք է լուծել կոնցեսիայի հարցը։ Եթե ոչ՝ խնդիրը վաղուց տնտեսական չէ։ Բիշքեկում պետք է լինի նաև անվտանգության օրակարգ։ Եթե Ռուսաստանը իրեն շարունակում է համարել Հայաստանի ռազմավարական գործընկեր, Երևանը կարող է հարցնել՝ ի՞նչ գործնական դեր է Մոսկվան պատրաստ ստանձնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցում։ Մասնավորապես՝ ինչո՞ւ Ռուսաստանի հետ երկար տարիներ սերտորեն կապված հայ գործիչների ճակատագիրը Մոսկվայի հրապարակային օրակարգում այնպիսի մտահոգություն չի առաջացնում, ինչպիսին առաջացնում են Հայաստանում ռուսամետ ընդդիմադիրների ձերբակալությունները։ Հարցն այստեղ անձերի մասին չէ։ Այն սկզբունքի մասին է։ Եթե Կրեմլը իրեն իրավունք է վերապահում Հայաստանի վարչապետի հետ քննարկելու Հայաստանի իրավապահ համակարգի գործողությունները, Երևանն էլ իրավունք ունի հարցնելու՝ որտե՞ղ է Ռուսաստանի ազդեցությունը, երբ Հայաստանի քաղաքացիների ազատության համար այդ ազդեցությունը կարող էր օգտագործվել Բաքվում ։ Պուտինն իր հերթին շատ ավելի դժվար հարցեր կունենա։ Առաջինը Եվրամիությունն է։ Եթե Հայաստանը պաշտոնապես գնում է անդամակցության ուղղությամբ, ի՞նչ է պատրաստվում անել ԵԱՏՄ-ի հետ։ Այստեղ Երևանը չպետք է խուսափի պատասխանից։ Եվրոպական ինտեգրումն ու ԵԱՏՄ անդամակցությունը երկարաժամկետ հեռանկարում իսկապես կարող են անհամատեղելի դառնալ։ Հայաստանի պատասխանը պետք է լինի ոչ թե այդ հակասության ժխտումը, այլ դրա ժամանակագրությունը. Երևանը սեփական ռազմավարական ընտրությունը կատարել է, բայց անցումը պետք է լինի կառավարվող, իրավական և Հայաստանի տնտեսությունը չվնասող ։ Երկրորդ հարցը լինելու է անվտանգությունը։ Ո՞ւր են գնում Հայաստան-Ռուսաստան ռազմական հարաբերությունները։ Ի՞նչ է լինելու 102-րդ ռազմաբազայի, ռուս սահմանապահների, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և երկկողմ պաշտպանական համաձայնագրերի հետ։ Այստեղ ևս անորոշությունը քաղաքականություն չէ։ Եթե Հայաստանի անվտանգության մոդելը փոխվում է, Ռուսաստանը իրավունք ունի հասկանալու դրա ուղղությունը, իսկ Հայաստանը պարտավոր է այդ փոփոխությունը կազմակերպել այնպես, որ անցումային շրջանը անվտանգության վակուում չստեղծի։ Երրորդ հարցը լինելու է Հայաստանի ներքին քաղաքականությունը։ Կրեմլն արդեն հայտարարել է, որ մտահոգված է ռուսամետ ընդդիմադիրների նկատմամբ գործողություններով։ Երևանի պատասխանը այստեղ հատկապես կարևոր է։ Հայաստանը չպետք է Պուտինի հետ քննարկի, թե ով պետք է ձերբակալվի կամ ազատ արձակվի Հայաստանում։ Դրա համար կան հայկական դատարաններ։ Բայց նույնքան կարևոր է, որ Հայաստանը կարողանա ցույց տալ՝ իրավապահ գործընթացները հիմնված են ապացույցի և օրենքի, ոչ թե աշխարհաքաղաքական հայացքների վրա։ Որովհետև ինքնիշխանությունը արտաքին միջամտությունը մերժելու իրավունք է միայն այն դեպքում, երբ ներսում աշխատում են այնպիսի ինստիտուտներ, որոնց օրինականությունը պաշտպանելու անհրաժեշտություն չկա քաղաքական բացատրություններով։ Եվ վերջապես կա ամենադժվար՝ չարտասանվող հարցը։ Հայաստանն ու Ռուսաստանը ի՞նչ հարաբերություն են ուզում ունենալ հինգ տարի հետո։ Դաշնակիցնե՞ր։ Գործընկերնե՞ր։ Հարևան տարածաշրջանների պետություննե՞ր՝ մեծ առևտրով և սահմանափակ քաղաքական մտերմությամբ։ Հին մոդելը ակնհայտորեն սպառվում է։ Բայց նորը դեռ ձևակերպված չէ։ Հենց այդ անորոշությունն է այսօր հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր վտանգը։ Հայաստանի խնդիրը Ռուսաստանին թշնամի դարձնելը չէ։ Նույնքան սխալ կլինի ձևացնել, թե վերջին հինգ տարիներին ոչինչ չի փոխվել։ Նոր հարաբերությունը պետք է լինի ավելի քիչ գաղափարական, ավելի քիչ հիերարխիկ և շատ ավելի պայմանագրային՝ առևտուրն առևտուր է, երկաթուղին՝ երկաթուղի, անվտանգությունը՝ փոխադարձ պարտավորություն, իսկ Հայաստանի ներքին քաղաքականությունը՝ Հայաստանի գործը։ Բիշքեկում, հետևաբար, որոշվելու է ոչ այնքան Հայաստանի եվրոպական ընտրությունը։ Այդ ընտրությունն արդեն Երևանում է կատարվում։ Որոշվելու է մեկ այլ բան՝ Հայաստանը Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների սեղանի շուրջ նստում է որպես բացատրություն տվող նախկին ենթակա՞, թե սեփական պահանջների ցուցակ ունեցող պետություն ։ Փոքր պետությունների դիվանագիտությունը մեծ տերությունների հետ կոշտ խոսելու արվեստը չէ։ Այն ճիշտ հարցեր տալու արվեստն է։ Եվ երբեմն անկախության ամենապարզ չափանիշը հենց սա է՝ սեղանի շուրջ ոչ միայն քեզ են հարցնում։ Դու նույնպես հարցեր ունես։



