Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վաղը առճակատման մեջ մտնել։ Կարող են նաև պայմանավորվել։ Պատմության մեջ արել են երկուսն էլ։ Եվ հենց այստեղ է հայկական քաղաքական մտքի մի հին թակարդ, որը սովորաբար չի նկատվում։ Եթե քաղաքական ուժի ինքնությունը կառուցված է ոչ թե Հայաստանի շահի, այլ ռուսական աշխարհաքաղաքական համակարգի ներսում, այդ ուժը կախված է ոչ միայն Ռուսաստանի բարեկամներից։ Նա կախված է նաև Ռուսաստանի թշնամիներից։ Որովհետև նրա թշնամիներին նույնպես որոշում է Մոսկվան։ Այսօր ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լարվել Սիրիայի, Սև ծովի, Ուկրաինայի, Կովկասի կամ ՆԱՏՕ-ի պատճառով։ Վաղը նույն Մոսկվան ու Անկարան կարող են պայմանավորվել էներգետիկայի, առևտրի, հաղորդակցությունների կամ տարածաշրջանային ազդեցության բաժանման շուրջ։ Այդ դեպքում ի՞նչ է անում Հայաստանում այն քաղաքական գործիչը, որի ամբողջ աշխարհընկալումը կառուցված է ռուսական պետական նարատիվների վրա։ Նա շարժվում է Ռուսաստանի հետ։ Նույնիսկ դեպի Թուրքիա։ Սա տեսական ենթադրություն չէ։ Ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը հակամարտության և գործարքի հերթագայություն է։ Ռուսական և Օսմանյան կայսրությունները դարեր շարունակ պատերազմել են։ Բայց պետությունները հավերժական սեր կամ ատելություն չունեն․ նրանք ունեն փոփոխվող շահեր:1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան, գաղափարապես և պատմականորեն տարբեր ուժեր լինելով, կարողացան համագործակցության ընդհանուր տարածք գտնել, որովհետև նրանց շահերն այդ պահին համընկնում էին։ Հայկական հարցը այդ համաձայնության կենտրոնում չէր։ Հայաստանն էր դրա միջավայրերից մեկը։ Հետագայում էլ նույն օրինաչափությունը բազմիցս կրկնվեց։ Ռուսաստանն ու Թուրքիան մրցել են Կովկասում, Սև ծովում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, բայց այդ մրցակցությունը նրանց չի խանգարել կառուցել գազատարներ, ատոմակայան, առևտրային կապեր և քաղաքական գործարքներ։ 2015-ին Թուրքիան խոցեց ռուսական Սու-24-ը։ Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց, հարաբերությունները հասան վտանգավոր լարվածության։ Շատ չանցած Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին բանակցում էին, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան միասին ձևավորում էին Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացը։ Մեծ տերությունների աշխարհում երեկվա հակառակորդը վաղվա գործընկերն է, եթե փոխվել է շահերի հաշվարկը։ Սա ոչ ցինիզմ է, ոչ դավաճանություն։ Սա աշխարհաքաղաքականություն է։ Խնդիրը սկսվում է փոքր պետության համար այն ժամանակ, երբ նրա քաղաքական ուժերը մեծ տերության այդ փոփոխական աշխարհաքաղաքականությունը շփոթում են սեփական ազգային գաղափարախոսության հետ։ Այդ պահին տեղի է ունենում հետաքրքիր փոխակերպում։ Դու կարող ես ամբողջ կյանքում հակաթուրքական լինել, բայց եթե քո քաղաքական աշխարհընկալման վերջնական հեղինակությունը Մոսկվան է, ապա ռուս-թուրքական համաձայնության պահին հայտնվելու ես այդ համաձայնության քաղաքական տրամաբանության ներսում։ Գուցե նույնիսկ չնկատես դա։ Որովհետև արտաքին ազդեցության ամենակատարյալ ձևը այն չէ, երբ քեզ հրահանգ են տալիս, այլ այն է, երբ դու ուրիշի շահը սկսում ես ընկալել որպես սեփական համոզմունք։ Այս պատճառով քաղաքական ինքնիշխանությունը շատ ավելի խոր հասկացություն է, քան արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Կարելի է ռուսամետ լինել և ունենալ հայկական քաղաքական ինքնություն։ Կարելի է եվրոպամետ լինել և չունենալ այն։ Սահմանը անցնում է մեկ այլ տեղում։ Ո՞վ է քո քաղաքական հաշվարկի վերջնական հասցեատերը։ Եթե պատասխանը Հայաստանն է, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում ես Հայաստանի շահից։ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ Հայաստանի շահից։ Նույն կերպ՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Իրանի կամ Չինաստանի հետ։ Բայց եթե սկզբնական կետը Ռուսաստանն է, ապա Հայաստանի շահը սկսում ես մեկնաբանել Ռուսաստանի աշխարհաքաղաքական քարտեզի ներսում։ Եվ այդ քարտեզը կարող է փոխվել առանց քեզ հարցնելու։ Սա հատկապես կարևոր է Թուրքիայի հարցում։ Հայկական քաղաքական մշակույթի որոշ հատվածներում Ռուսաստանը պատմականորեն ընկալվել է որպես Թուրքիայի դեմ բնական հակակշիռ։ Այդ պատկերացումը ձևավորվել է իրական պատմական փորձից և անվտանգության իրական վախերից։ Բայց այստեղից արվել է վտանգավոր հետևություն՝ եթե Ռուսաստանը Թուրքիայի հակառակորդն է, ուրեմն ռուսական ազդեցությունն ինքնաբերաբար հայկական անվտանգության գործիք է։ Պատմությունը նման անխախտ օրինաչափություն չի ճանաչում: Ռուսաստանը Թուրքիային հակակշռում է այնտեղ, որտեղ դա պահանջում է Ռուսաստանի շահը։ Եվ համագործակցում է Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա պահանջում է նույն շահը։ Ինչպես և պետք է վարվի պետությունը։ Հարցն այն չէ, թե ինչու է Ռուսաստանն այդպես վարվում։ Հարցն այն է՝ ինչու Հայաստանը չպետք է նույն կերպ վարվի ։ Ինչո՞ւ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կախված լինեն ռուս-թուրքական հարաբերությունների ջերմաստիճանից։ Ինչո՞ւ Անկարայի հետ խոսելու մեր կարողությունը պետք է մեծանա կամ փոքրանա Մոսկվայի ռազմավարական տրամադրության հետ միասին։ Եվ ինչո՞ւ Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկը պետք է Թուրքիայի նկատմամբ իր վերաբերմունքը ձևավորի մեկ այլ պետության աշխարհաքաղաքական օրացույցով։ Փոքր պետության անկախությունը սկսվում է հենց այստեղ։ Ոչ այն ժամանակ, երբ նա գտնում է ճիշտ հովանավորին։ Այլ այն ժամանակ, երբ հրաժարվում է հովանավորի աչքերով աշխարհին նայելուց։ Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է ունենալ խոր տնտեսական հարաբերություններ։ Թուրքիայի հետ՝ բաց սահման և առևտուր։ Իրանի հետ՝ ռազմավարական նշանակության հարևանություն։ Եվրոպայի հետ՝ քաղաքական ինտեգրում։ Միացյալ Նահանգների հետ՝ անվտանգության և տնտեսական գործընկերություն։ Դրանց միջև հակասությունները միշտ չէ, որ հնարավոր է վերացնել։ Բայց դրանք պետք է կառավարի Երևանը։ Սեփական հաշվարկով։ Այստեղ է նաև հայկական հակաթուրքականության այն պարադոքսը, որի մասին քիչ է խոսվում։ Եթե այն կառուցված է ոչ թե հայկական պետական ռազմավարության, այլ ռուսական աշխարհաքաղաքական պատկերացումների վրա, ապա նույնիսկ ամենակոշտ հակաթուրքական գործիչը կարող է մի օր հայտնվել ռուս-թուրքական համաձայնության սպասարկողի դերում։ Ոչ որովհետև սիրեց Թուրքիային։ Այլ որովհետև իր քաղաքական կողմնացույցը դրել էր ուրիշի բռի մեջ։ Այս սկզբունքը, իհարկե, միայն Ռուսաստանին չի վերաբերում։ Եթե Հայաստանի քաղաքական ինքնությունը վաղը ամբողջությամբ փոխանցվի մեկ այլ արտաքին կենտրոնի՝ Բրյուսելին, Վաշինգտոնին կամ որևէ այլ մայրաքաղաքի, խնդիրը նույնը կլինի։ Հովանավորները փոխվում են։ Կախվածության մեխանիզմը՝ ոչ։ Մեծ պետությունը կարող է փոխել իր դաշնակիցներին, որովհետև ունի սեփական շահ։ Փոքր պետությունը, որը սեփական շահը փոխարինել է մեծ պետության աշխարհընկալմամբ, փոխում է դիրքորոշումը նրա հետ միասին։ Երբեմն նույնիսկ չի հասկանում՝ ինչու։ Հայաստանի արտաքին քաղաքականության հասունությունը, հետևաբար, չի չափվելու նրանով, թե որքան հակառուսական, ռուսամետ, հակաթուրքական կամ արևմտամետ կդառնա նրա քաղաքական դասը։ Այն չափվելու է նրանով, թե արդյոք Հայաստանը վերջապես կդառնա իր քաղաքական դատողության սկզբնակետը։ Որովհետև եթե քո քաղաքական ինքնության կենտրոնում քո պետությունը չէ, դու վերջնականապես չես որոշում նույնիսկ՝ ով է քո բարեկամը և ով՝ թշնամին։ Դա որոշում է նա, ում աշխարհում դու ապրում ես։ Եվ այդ դեպքում հնարավոր է ամենամեծ քաղաքական հեգնանքը. Ա մբողջ կյանքում պայքարել մեկի դեմ և մի առավոտ հայտնաբերել, որ ծառայում ես նրան՝ պարզապես այն պատճառով, որ քո հովանավորը երեկոյան նրա հետ պայմանավորվել է։



