Իրանի բանակը մշակում է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, որոնք աշխարհում չունեն համարժեքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Էլհամին։ «Մշակվում և ստեղծվում են հակաօդային պաշտպանության նոր, լիովին հայրենական համակարգեր։ Այդ նախագծերն աստիճանաբար վերածվում են սպառազինության՝ շահագործման պատրաստ նմուշների, որոնք չունեն հայտնի արտասահմանյան համարժեքներ», – մեջբերել է նրա խոսքը Tasnim լրատվական գործակալությունը։ Էլհամիի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության իրանական համակարգերի առավելություններից մեկն այն է, որ թշնամին չգիտի դրանց բնութագրերը, հնարավորությունները և աշխատանքի սկզբունքները։ Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ փորձարկումներն ու ընթացակարգերն անցնելուց հետո հակաօդային պաշտպանության նոր համակարգերը կդրվեն սերիական արտադրության:



