Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը ԵՄ աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը, հակասում ԵՄ կանոնակարգերին և Եվրոպայի արժեքներին։ Այս մասին նա գրել է X հարթակում։ «ԵՄ-ն, կարծես, իր ինքնիշխանությունը, իր օրենքներն ու կանոնակարգերը, իր արժեքներն ու էթիկան զիջում է ամերիկյան հարկադրանքին։ Իր սեփական օրենսդրության համաձայն՝ Եվրամիությունը չի ճանաչում երրորդ երկրների կողմից ընդունված օրենքների արտատարածքային կիրառումը և նման հետևանքները համարում է միջազգային իրավունքին հակասող», – նշված է գրառման մեջ։ Բաղայիի խոսքով՝ այժմ ԵՄ-ն դարձել է «Վաշինգտոնի անօրինական վարքագծի մասնակից»: «Միության կողմից Ամերիկայի անօրինական տնտեսական պատերազմին աջակցությունը նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պատասխանատվություն կրի այս անօրինական գործողությանն իր ներդրման հետևանքների համար: Եվրամիությունը չի կարող հավանություն տալ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ տնտեսական ահաբեկչությանը՝ միաժամանակ պնդելով, որ ձգտում է լարվածության թուլացման և տարածաշրջանային կայունության: Երկու դիրքորոշումները հակասում են միմյանց: Այս անպատասխանատու դիրքորոշումը վկայում է ԵՄ-ի բարոյական անկման և քաղաքական անգործունակության մասին», – եզրափակել է Իրանի ԱԳՆ խոսնակը:



