Աշունը, երբ տեղական ընտրությունները դադարում են տեղական լինել

Հայաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քաղաքական ցիկլը։ Ձևավորվել են Ազգային ժողովն ու կառավարությունը, հաստատվել է առաջիկա հինգ տարիների ծրագիրը։ Սովորական պայմաններում սեպտեմբերը պետք է լիներ ընտրական քաղաքականությունից կառավարման վերադարձի ամիս։ 2026-ի աշունը սովորական չի լինելու։ Առջևում ավելի քան չորս տասնյակ համայնքների ընտրություններ են, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ անց դրանք դառնալու են ոչ այնքան քաղաքապետերի ընտրություն, որքան Հայաստանի քաղաքական տրամադրությունների առաջին հետընտրական չափումը։ Առաջին հարցը վերաբերում է ընդդիմությանը։ Հունիսի 7-ին իշխանափոխության խոստումով ընտրությունների գնացած ուժերը չկարողացան իշխանություն վերցնել։ Այժմ նրանք պետք է ապացուցեն, որ խորհրդարանական ընտրություններում ստացած ձայները քաղաքականորեն պահպանվող կապիտալ են։ ՏԻՄ ընտրությունները այդ իմաստով նրանց համար վերաքննություն են լինելու. հատկապես այն համայնքներում, որտեղ ընդդիմությունն ուժեղ արդյունք է ունեցել։ Բայց աշնան իրական նշանակությունը դրանից մեծ է։ Հայկական ՏԻՄ ընտրությունները պատրաստվում են դառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հերթական մարտադաշտը։ Սյունիքում դժվար կլինի քարոզարշավ անցկացնել առանց TRIPP-ի։ Մեղրիում, Գորիսում, Տեղում կամ Տաթևում համայնքային տնտեսության մասին խոսակցությունը շատ արագ վերածվելու է ճանապարհների, սահմանների, ինքնիշխանության և Ադրբեջանի թեմայով բանավեճի։ Վայոց ձորում օրակարգ են մտնելու ադրբեջանական զորքերի ներկայությունն ու սահմանազատումը։ Մյուս համայնքներում՝ ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի հետ հարաբերությունները, եկեղեցին, նոր Սահմանադրությունը, Տիգրանաշենը։ Այսպիսով՝ տեղական ընտրությունների քարտեզի վրա հայտնվելու է աշխարհաքաղաքական քարտեզը։ Դրա ամենակարևոր գիծը լինելու է ԵՄ – ԵԱՏՄ ընտրությունը ։ Ռուսաստանից վերջին ամիսներին հնչող հայտարարությունների հետևողականությունը պատահական չէ։ Մոսկվան ցանկանում է Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականությունը հնարավորինս արագ վերածել երկու համակարգերի միջև կոշտ ընտրության։ ՀԱՊԿ-ի դեպքում Երևանին հաջողվեց տարիներ շարունակ պահպանել սառեցված անդամակցության միջանկյալ վիճակը։ ԵԱՏՄ-ի դեպքում Ռուսաստանը, ըստ ամենայնի, պատրաստ չէ հանդուրժել նույն մոդելը։ Պատճառը հասկանալի է։ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգության խոստում էր, որը չաշխատեց։ ԵԱՏՄ-ն շատ ավելի նյութական համակարգ է՝ շուկաներ, մաքսատուրքեր, էներգակիրներ, աշխատանքային միգրացիա, տրանսֆերտներ, գյուղատնտեսական արտահանում։ Հենց այստեղ է ռուսական ազդեցության ամենաուժեղ քաղաքական գործիքը՝ վախի տնտեսագիտությունը ։ Հայ գյուղացուն չեն փորձելու համոզել Եվրասիական ինտեգրման տեսությամբ։ Նրան ասելու են շատ ավելի պարզ բան՝ եթե Հայաստանը գնա Եվրոպա, քո ծիրանը Ռուսաստանում չեն ընդունի, գազը կթանկանա, աշխատանքային միգրանտը խնդիր կունենա, փոխանցումները կնվազեն։ Սա քաղաքականապես արդյունավետ լեզու է, որովհետև աշխարհաքաղաքականությունը թարգմանում է ընտանեկան բյուջեի լեզվով։ Եվ հենց այստեղ է իշխանության հիմնական փորձությունը։ Եվրոպական ընտրությունը հնարավոր չէ պաշտպանել միայն արժեքների մասին ելույթներով։ Եթե կառավարությունը խոսում է ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, պետք է կարողանա գյուղացուն, գործարարին և աշխատողին բացատրել ոչ միայն՝ ուր ենք գնում , այլև՝ ինչպես ենք վճարելու անցման գինը ։ Ո՞ր շուկաներով է փոխարինվելու ռուսական շուկայի հնարավոր կորուստը։ Ինչպե՞ս է դիվերսիֆիկացվելու էներգետիկան։ Որտե՞ղ են արտահանման նոր ճանապարհները։ Ի՞նչ է ստանալու Հայաստանի տնտեսությունը ԵՄ շուկա աստիճանական ինտեգրումից։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս է պետությունը պաշտպանելու այն մարդկանց, որոնք առաջինը կարող են կրել այդ անցման ծախսերը։ Առանց այս պատասխանների եվրոպական քաղաքականությունը խոցելի է ռուսական ամենապարզ քարոզչության առաջ։ Սակայն այստեղ կա ավելի խոր պատմական հակասություն։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհն ընտրեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Մինչ այդ գրեթե երեք տարի բանակցել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ։ Այնուհետև մեկ քաղաքական որոշմամբ փոխվեց երկրի ինտեգրացիոն ուղղությունը։ Հանրաքվե չեղավ։ Տասներեք տարի անց Հայաստանը նորից կանգնած է եվրոպական ընտրության առաջ։ Բայց այս անգամ սկզբունքային տարբերությունը պետք է լինի հենց որոշման մեխանիզմը։ Եթե Հայաստանի ռազմավարական ուղղությունը փոխվում է, դրա վերջնական լեգիտիմությունը պետք է տա քաղաքացին։ Այդ պատճառով առաջիկա ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր նախերգանք են։ Դրանք իրավաբանորեն ոչ մի կապ չունեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ։ Բայց քաղաքականորեն կարող են դառնալ առաջին մեծ չափումը, թե որքան արդյունավետ է աշխատում Ռուսաստանի և նրա հայաստանյան քաղաքական գործընկերների հիմնական փաստարկը՝ «Եվրոպան նշանակում է տնտեսական աղետ» ։ Մոսկվայի համար սա նույնպես փորձադաշտ է։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում իշխանություն փոխելու համար միայն արտաքին քաղաքական դժգոհությունը բավարար չէ։ Այժմ պայքարը տեղափոխվելու է համայնքներ, որտեղ ընտրողի որոշումը շատ ավելի մոտ է իր առօրյա կյանքին։ Հետևաբար Հայաստանի պետության խնդիրն առաջիկա ամիսներին միայն ազատ և արդար ՏԻՄ ընտրություններ կազմակերպելը չէ։ Անհրաժեշտ է նաև պաշտպանել ընտրական համակարգը արտաքին ֆինանսավորումից, ապատեղեկատվությունից, տնտեսական շանտաժից և ազդեցության այլ հիբրիդային գործիքներից։ Որովհետև այս աշնանը կարող են ընտրվել քաղաքապետեր և ավագանիներ։ Բայց իրական քաղաքական վեճը շատ ավելի մեծ է լինելու։ Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան։ 2013-ին այդ հարցի պատասխանը տրվեց Մոսկվայում՝ առանց Հայաստանի քաղաքացիների քվեի։ 2026-ին նույն սխալը կրկնելու իրավունք այլևս չկա։ Այս անգամ վերջին խոսքը պետք է լինի Հայաստանում։ Եվ պետք է պատկանի Հայաստանի քաղաքացուն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12317

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով