«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, որոնք, մասնավորապես, առնչվում են ծառայությունների մատուցման ժամկետներին, խորհրդատուի աշխատակազմին, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերին։ Քննարկումների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը։ Նախաստորագրված տարբերակը կներկայացվի ֆինանսավորող կողմին՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին, և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։ Նշված պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4կմ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ: Ընդգծվում է, որ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։



