Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը։ Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանն՝ աջակցության, համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։



