Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

Իրանի բանակը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ թիրախավորելով արբանյակային կապի համակարգերը, սարքավորումների պահեստները, կործանիչ ինքնաթիռների հանգարները, զորքերի դիրքերը և ռադարային համակարգերը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Բանակի հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են սեպտեմբերի 3-ի առավոտյան՝ «Սաիկեհ» (Կայծակ) գործողության շրջանակներում՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածներից Իրանի քաղաքացիական անձանց և զինված ուժերի անդամների զոհվելու։ Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական հրթիռներն ու հարձակողական ԱԹՍ-ները հարվածել են Քուվեյթում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազային, որի հետևանքով վնասվել են կապի համակարգերն ու կործանիչ ինքնաթիռների հանգարները։ Բացի այդ, իրանական ուժերը հրթիռներով և անօդաչու սարքերով թիրախավորել են ԱՄԷ-ի ալ-Մինհադ ավիաբազայի զորքերի տեղակայման տարածքները և ռադարային համակարգերը։ Բանակն Ահմադ ալ-Ջաբեր բազան նկարագրում է որպես Արևմտյան Ասիայում ԱՄՆ ուժերի համար լոգիստիկ և աջակցության հիմնական կենտրոն։ Նշվում է, որ բազան մեծ դեր է խաղում ԱՄՆ օդային գործողություններում և տարածաշրջանում հսկողության գործողություններում։ Ինչ վերաբերում է ալ-Մինհադ բազային, ապա այն նկարագրվում է որպես օտարերկրյա ուժերի օդային աջակցության և տեղափոխման կարևոր կենտրոն։ Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի հարավային քաղաքներին, որոնց հետևանքով, ըստ Իրանի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Հարվածներից մեկը հասցվել է Հորմոզգանի նահանգի Սիրիկ շրջանում բնակելի տան, որտեղ հարսանեկան տոնակատարություն էր ընթանում. զոհվել է հինգ մարդ, ըստ որոշ հրապարակումների՝ չորս մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա։ Վիրավորվել է ավելի քան 70 մարդ։ Իրանական բանակը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերի ցանկացած հարձակմանն իր արձագանքը խիստ կլինի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12347

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով