Ֆոլկլենդյան կղզիների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու՝ Յաիր Նեթանյահուի հայտարարությունները Միացյալ Թագավորության աջ քաղաքական շրջանակների հետ անսպասելի վեճ են առաջացրել։ Յաիր Նեթանյահուն նախորդ շաբաթ X-ում գրել էր, որ «Ֆոլկլենդյան կղզիները պատկանում են Արգենտինային»՝ աջակցելով Բուենոս Այրեսի տարածքային պահանջին։ Մեծ Բրիտանիան և Արգենտինան կղզիների համար 1982 թվականին պատերազմել են, իսկ դրանց պատկանելության հարցը մինչ օրս մնում է վիճելի։ Հետագա գրառումներում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը պետք է աջակցի Արգենտինայի դիրքորոշմանը, քանի որ նախագահ Խավիեր Միլեյի գլխավորած Արգենտինայի կառավարությունը բարեկամական հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Միաժամանակ նա Մեծ Բրիտանիային մեղադրել է Իսրայանի նկատմամբ «կեղծավորության և թշնամական վերաբերմունքի» մեջ՝ Լոնդոնի կողմից Պաղեստինը ճանաչելու պատճառով, ինչպես նաև հակասեմիտիզմը և «արյան զրպարտությունը» խթանելու մեջ։ Նեթանյահուի հայտարարություններին արձագանքել է Մեծ Բրիտանիայի աջ ծայրահեղական «Restore Britain» կուսակցության ղեկավար Ռուպերտ Լոուն։ Նա հայտարարել է, որ Ֆոլկլենդյան կղզիները «կմնան բրիտանական», իսկ իր կուսակցության իշխանության գալու դեպքում Մեծ Բրիտանիան «անհրաժեշտության դեպքում պատերազմի կգնա»՝ կղզիները պահպանելու համար։ Լոուն նաև նշել է, որ Իսրայելի կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ֆոլկլենդյան կղզիների հարցում՝ ընդգծելով, որ «Նեթանյահուն Իսրայելում բավական խնդիրներ ունի, որոնց վրա պետք է կենտրոնանա»։



