Մարիա Զախարովայի՝ վիզաների մասին հայտարարությունը իրականում վիզաների մասին չէ։ Այն շատ ավելի մեծ վեճի փոքր դրվագն է՝ ո՞վ է որոշելու Հայաստանի արտաքին քաղաքականության սահմանները՝ Երևա՞նը, թե՞ Մոսկվան ։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, դրանք ոչ թե մեր, այլ սեփական քաղաքացիների դեմ կմտցնի»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ հիշեցնելով երկու երկրներում ապրող մարդկանց ընտանեկան կապերի մասին։ Միայն թե Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու որոշում չունի։ Հետևաբար ավելի հետաքրքիր է ոչ թե վիզաների հարցը, այլ այն, թե ինչու է Մոսկվան այսօր հաշվարկում մի որոշման հետևանքները, որը Երևանը դեռ չի ընդունել ։ Պատասխանը Հայաստանի եվրոպական շարժման մեջ է։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը և ավելի լայն ինտեգրումը միայն քաղաքական հռչակագրեր չեն։ Դրանք ենթադրում են սահմանների կառավարման, միգրացիայի, անվտանգության և, ի վերջո, արտաքին քաղաքականության աստիճանական համապատասխանեցում եվրոպական կանոններին։ Որքան Հայաստանը մոտենա այդ համակարգին, այնքան հաճախ ստիպված կլինի որոշել՝ իր սահմանները, շուկաներն ու տնտեսական ռեժիմները ո՞ր կանոններով են աշխատելու։ Մոսկվան դա հասկանում է։ Եվ կանխավ հրապարակում է ընտրության գինը։ Մոնտենեգրոն հենց այս ամռանը որոշեց նոյեմբերի 1-ից վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար՝ իր վիզային քաղաքականությունը ԵՄ-ին համապատասխանեցնելու շրջանակում։ Հայաստանը Մոնտենեգրոն չէ, և որևէ մեխանիկական համեմատություն սխալ կլինի։ Բայց նախադեպը բացատրում է, թե ինչու է Մոսկվան հիմա բարձրացնում մի հարց, որը Երևանը դեռ չի դրել սեղանին։ Սա կանխարգելիչ դիվանագիտություն է՝ սպառնալիքի փափուկ փաթեթավորմամբ։ Նույն տրամաբանությամբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի «ինքնիշխան իրավունքն» է, բայց անմիջապես հիշեցնում, որ Ռուսաստանն էլ կարող է վերանայել Հայաստանին տրված արտոնությունները։ Բանաձևը պարզ է. դուք ազատ եք ընտրելու, մենք՝ ազատ ենք թանկացնելու ձեր ընտրությունը ։ Զախարովան այդ տնտեսական սպառնալիքին ավելացնում է մարդկային չափումը՝ ընտանիքներ, հարազատներ, սահմաններ։ Արտաքին քաղաքականությունը տեղափոխվում է հայկական ընտանիքի խոհանոց։ Հայաստանի ռազմավարական ընտրությունը ներկայացվում է ոչ թե որպես ինքնիշխան պետության որոշում, այլ որպես սեփական քաղաքացիներին պատճառվող վնաս։ Սա հին կայսերական մեխանիզմ է։ Կայսրությունները ծայրամասերը պահում են ոչ միայն զորքով, այլև կախվածության ցանցերով։ Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը ժառանգեց դրանց գրեթե ամբողջ հավաքածուն՝ աշխատաշուկա, գազ, երկաթուղի, ռազմական ենթակառուցվածք, ընդհանուր լեզու, միգրացիա և միլիոնավոր մարդկային կապեր։ Այդ կապերն իրական են և պետք է պահպանել։ Բայց դրանցից չի հետևում, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ վետոյի իրավունք ստանա։ Հակառակ դեպքում կախվածության յուրաքանչյուր ձև դառնում է քաղաքական փաստարկ. քանի որ հայերն աշխատում են Ռուսաստանում՝ մի՛ զայրացրեք Մոսկվային։ Քանի որ ռուսական գազ ենք ստանում՝ մի՛ փոխեք էներգետիկ քաղաքականությունը։ Քանի որ կա ռուսական շուկա՝ մի՛ փոխեք տնտեսական ուղղությունը։ Իսկ հիմա՝ քանի որ ընտանիքներ կան երկու երկրներում, զգույշ եղեք նաև սահմանային քաղաքականության հարցում։ Այս շղթայի վերջում դաշինք այլևս չկա։ Կա կախվածություն՝ բարեկամության բառապաշարով ։ Հայաստանի պատասխանը հակառուսականությունը չէ։ Մեկ կախվածությունից փախչելով՝ մեկ այլ կախվածության մեջ ընկնելը ինքնիշխանություն չէ։ Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի ընտրությունների բազմապատկումը՝ Եվրոպա, ԱՄՆ, Իրան, Վրաստան, Հնդկաստան, իսկ խաղաղության դեպքում՝ նաև Թուրքիա և Ադրբեջան։ Փոքր պետությունը մեծ տերությունից ուժեղ չի դառնում։ Այն ուժեղանում է այն ժամանակ, երբ ոչ մի մեծ տերություն այլևս անփոխարինելի չէ ։ Եթե եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանը մի օր ստիպված լինի վերանայել նաև Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, որոշումը չպետք է ընդունվի ո՛չ Մոսկվային պատժելու, ո՛չ Բրյուսելին հաճոյանալու համար։ Միակ չափանիշը պետք է լինի Հայաստանի երկարաժամկետ պետական շահը։ Զախարովայի խոսքում, սակայն, կա մեկ ակամա ճշմարտություն. Հայաստանի ընտրությունը կարող է գին ունենալ։ Բայց ինքնիշխանությունը հենց այն է, երբ ընտրության գինը հաշվում ես դու, իսկ ընտրությունը կատարում ես նույնպես դու ։



