Ուիթկոֆֆն ու Քուշները Մոսկվա են տանում խաղաղության առաջարկ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանագնացներ Ուիթկոֆֆը և Քուշներն առաջիկայում Մոսկվա կտեղափոխեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկ։ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններին՝ նշելով, որ լավ է ճանաչում նրան և չի կարծում, թե Պուտինը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։ «Ես խոսում եմ Պուտինի հետ և շատ լավ ճանաչում եմ նրան։ Պուտինը չի ձգտում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Պուտինի հարաբերություններին՝ նրանց միջև առկա թշնամանքը համարելով հակամարտության կարգավորմանը խոչընդոտող գործոն։ «Ռուսաստան-Ուկրաինա հարցում անհատականության խնդիր կա։ Զելենսկին և Պուտինը իսկապես ատում են միմյանց։ Գիտե՞ք՝ ինչ է ատելությունը։ Նրանց միջև լուրջ ատելություն կա։ Այդ ատելությունը խանգարում է նրանց»,- նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ «Այս պահին խողովակաշարեր են կառուցվում։ Սիրիայի տարածքով ճանապարհ է կառուցվում, իրականում այն արդեն բաց է։ Մարդիկ բեռնատարներով անցնում են Սիրիայի տարածքով․ հսկայական բեռնատարներ, որոնք նավթ են տեղափոխում»,- ասել է նա։ Թրամփի խոսքով՝ Հորմուզի նեղուցին այլընտրանքային բազմաթիվ ուղիներ են ստեղծվում։ «Հորմուզի նեղուցը նախկինը չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև իր՝ միջազգային հակամարտությունների կարգավորման գործում ունեցած դերին։ «Ես ավարտին եմ հասցրել ութ պատերազմ, բայց դրա համար ոչ մի գնահատանքի չեմ արժանացել։ Նոբելյան մրցանակ ստացե՞լ եմ։ Ո՛չ, թեև այն ստացած անձը այնքան բարեհաճ գտնվեց, որ այն ինձ տվեց»,- ասել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12458

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով