Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կներկայացնի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։ «Քանի չեմ մոռացել»-ը ներկայացում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին։ «Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ»,– ասված է փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։ Ներկայացումը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջ երկարակեցություն» ծրագրի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության և աջակցության սրճարաններ» ծրագրի մասնակիցների համար։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և Ֆրանսիական ինստիտուտը, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը։ Փառատոնն իրագործվում է նաև ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12597

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով