Չինական պետական ընկերությունը Ռուսաստանին է մատակարարել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար օգտագործվող նյութեր։ Այս մասին հայտնում է The Telegraph-ի և Politico-ի համատեղ հետաքննությունը։ Լրագրողների տվյալներով՝ չինական Jilin Chemical Fiber Group պետական ընկերությունը Ռուսաստան է ուղարկել 46 տոննա ածխածնային մանրաթելերի արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Մատակարարման վերջնական ստացողը «Ռոսատոմի» հետ կապված կառույց է, որը գտնվում է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում և կապվում է ռուսական «Գերան» անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ։ Հետաքննության համաձայն՝ մատակարարումը ներկայացվել է որպես քաղաքացիական նշանակության արտահանում։ Փաստաթղթերում ապրանքների համար, ըստ լրագրողների, նշվել է այլ մաքսային կոդ, ինչը հնարավորություն է տվել քողարկել դրանց իրական նշանակությունը։ Հրապարակման հեղինակները նշում են, որ մատակարարման վերաբերյալ փաստաթղթերն արդեն ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Չինաստանը մշտապես հերքում է Ռուսաստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասին մեղադրանքները։ Պեկինը պնդում է, որ խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը և չի աջակցում դրանց ապօրինի օգտագործմանը։ Եթե հետաքննության տվյալները հաստատվեն, ապա դրանք կարող են նոր հարցեր առաջացնել Չինաստանի՝ ռուսական ռազմական արդյունաբերությանն անուղղակի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։



