Լուսանկարը՝ Armeniasputnik-ի Շվեդիայի ընտրություններին մնացել է մի քանի օր: Այս օրերին Ստոկհոլմում քննարկվում է մի հարց, որը վաղուց դուրս է եկել սովորական նախընտրական պայքարի սահմաններից։ Ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատների» աշխատակցի՝ Ռուսաստանի հետ տարիների կապերի մասին բացահայտումները դարձել են ազգային անվտանգության խնդիր։ Հարցն այն է, թե որքան խորը կարող է Ռուսաստանը ներթափանցել եվրոպական ժողովրդավարությունների քաղաքական համակարգեր ։ Շվեդիան բացառություն չէ։ Վերջին տարիներին ռուսական միջամտության, ազդեցության կամ ապատեղեկատվական գործողությունների հետքեր են հայտնաբերվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Մոլդովայում, Չեխիայում և եվրոպական այլ երկրներում։ Մեթոդները տարբեր են, նպատակը՝ նույնը. կեղծ լրատվական հարթակներ, սոցիալական ցանցեր, տեղական քաղաքական ու հանրային դեմքեր, ֆինանսավորում, ապատեղեկատվություն և հասարակության ներսում արդեն գոյություն ունեցող հակասությունների խորացում։ Եվրոպական խորհրդարան հասած Voice of Europe-ի պատմությունը ցույց տվեց նաև, որ խոսքը միայն համացանցային քարոզչության մասին չէ։ Եվրոպական կառույցներն ու ազգային իշխանությունները քննության առան ռուսական ազդեցության ցանցի և եվրոպացի քաղաքական գործիչներին ռուսամետ քարոզչության համար հնարավոր վճարումների մասին տեղեկությունները։ Հիմա այս ամենը համեմատենք Հայաստանի հետ։ Եթե Ռուսաստանը կարողանում է ներգործել Գերմանիայի, Շվեդիայի կամ Ֆրանսիայի քաղաքական գործընթացների վրա, որտեղ չունի ռազմաբազա, չի կառավարում երկաթուղին և չունի Հայաստանի չափով տնտեսական, տեղեկատվական ու մարդկային կապեր, ապա Հայաստանում նրա հնարավորությունները շատ ավելի մեծ են ։ Ավելին՝ այստեղ այլևս միայն հնարավորությունների մասին չենք խոսում։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը խոսեց Ռուսաստանի աննախադեպ միջամտության, ճնշումների և հիբրիդային գործողությունների մասին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն էլ արձանագրեցին ռուս պաշտոնյաների և պետության հետ կապված դերակատարների միջամտող հռետորաբանությունը, երբ Հայաստանի եվրոպական ընտրությունը ներկայացվում էր գրեթե որպես անվտանգության սպառնալիք, իսկ հետո ի հայտ եկան նաև Meta-ի բացահայտումները։ Ընկերության տվյալներով՝ ռուսական պետական կառույցների հետ կապվող ANO Dialog ցանցը կեղծ հաշիվների ու էջերի միջոցով փորձել էր Հայաստանի տեղեկատվական դաշտում աջակցել Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին»։ Գործողությունը չէր սահմանափակվել Հայաստանի տարածքով․ թիրախավորվել էին նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների հայկական համայնքները։ Այս ամենից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին խոսելն այլևս դավադրության տեսություն չէ։ Հարցը այլ է՝ որքա՞ն մեծ է դրա իրական ծավալը, և դրա ո՞ր մասն ենք ընդհանրապես կարողանում տեսնել ։ Հայաստանում Ռուսաստանը սովորական արտաքին դերակատար չէ։ Տասնամյակների ընթացքում այստեղ ձևավորվել են քաղաքական, տնտեսական, մեդիա, մշակութային և անձնական կապերի ամբողջ շերտեր։ Այն, ինչ Եվրոպայում Մոսկվան ստիպված է ստեղծել գաղտնի ցանցերով, Հայաստանում մեծ մասամբ արդեն գոյություն ունի։ Հենց այդ պատճառով առաջիկա ՏԻՄ ընտրությունները չի կարելի ընկալել միայն որպես համայնքապետերի ընտրություն։ Մարզերում ազդեցության միջոցները շատ ավելի առարկայական են՝ աշխատատեղ, բիզնես կապ, բարեգործություն, գյուղատնտեսական տեխնիկա, սոցիալական օգնություն, տեղական հեղինակություն։ Այնտեղ, որտեղ պետությունը տարիներով թույլ է եղել, մասնավոր բարերարը հաճախ ներկայացել է որպես պետության փոխարինող, իսկ այդպիսի կախվածությունը ընտրության պահին հեշտությամբ կարող է վերածվել քաղաքական ազդեցության։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը չպետք է լինի ընդդիմության սահմանափակումը կամ իշխանության քննադատներին «ռուսական գործակալ» հայտարարելը։ Դա միայն կթուլացնի ժողովրդավարությունը։ Պատասխանը պետք է լինի շատ ավելի պարզ և շատ ավելի կոշտ՝ քաղաքական փողի ծագման լիակատար թափանցիկություն, արտաքին ֆինանսավորման բացահայտում, կեղծ տեղեկատվական ցանցերի արագ հայտնաբերում, ուժեղ անկախ մամուլ, միջազգային դիտորդական ներկայություն և իրավապահ համակարգ, որը նույն չափանիշով կքննի իշխանության ու ընդդիմության ցանկացած խախտում ։ Եվրոպան արդեն հասկացել է, որ ընտրական անվտանգությունը միայն քվեատուփը պաշտպանելը չէ, այն նաև տեղեկատվական տարածքը, քաղաքական ֆինանսավորումը և պետական ինստիտուտները արտաքին ազդեցությունից պաշտպանելն է։ Հայաստանի համար այս խնդիրը շատ ավելի սուր է, ո րովհետև եթե Ռուսաստանը կարողանում է հազարավոր կիլոմետրեր հեռվից ներթափանցել եվրոպական ընտրական գործընթացներ, Հայաստանում ճանապարհ բացելու կարիք գրեթե չունի։ Այդ ճանապարհները տասնամյակներով արդեն բացվել են։



