Կաթողիկոսի գործը վերջապես հասավ դատարան

Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործը վերջապես հասավ այն դատարանին, որը պետք է այն քննի։ Վճռաբեկ դատարանը որոշել է՝ այն պետք է քննի Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը։ Ավելի կարևոր է որոշման պատճառաբանությունը․ Վճռաբեկը արձանագրել է, որ գործը Երևան ուղարկելը եղել է ձևական մոտեցման հետևանք և առաջացրել է անհարկի դատական շրջապտույտ ։ Սա սովորական ընդդատության վեճի լուծում չէ, սա դատական համակարգին ուղղված բավական կոշտ արձանագրում է։ Գործը շաբաթներ շարունակ շրջել է դատարաններով։ Արմավիրի դատավորը այն ուղարկել է Երևան՝ պատճառաբանելով, թե ենթադրյալ հանցանքի վայրը հստակ չէ։ Երևանում գործը կրկին կանգ է առել, այս անգամ՝ Վճռաբեկի որոշմանը սպասելով։ Այդ ընթացքում աշխատանքից հեռացել է նաև մեղադրանքը դատարան ուղարկած դատախազ Խաչատուր Գալստյանը։ Յուրաքանչյուր հանգամանք առանձին կարող էր ունենալ իր բացատրությունը։ Բայց ամբողջությունը ստեղծել էր վտանգավոր տպավորություն՝ Հայաստանի դատական համակարգը կարծես չէր կարողանում գտնել այն դատարանը, որը պատրաստ էր լսել երկրի ամենազգայուն քրեական գործերից մեկը ։ Այժմ այդ պատրվակը վերացված է։ Վճռաբեկը պարզ արձանագրել է՝ ենթադրյալ գործողությունները կապված են Վաղարշապատում՝ Մայր Աթոռում ընդունված որոշումների հետ։ Հետևաբար գործի բնական հասցեն Արմավիրի դատարանն է։ Հիմա պետք է սկսվի բուն դատավարությունը։ Իսկ բուն հարցը սկզբունքային է։ Դատարանը 2026-ի հունվարին արգելել էր խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարմանը մինչև վերջնական վճիռը։ Դրանից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկել է նրան կարգալույծ հռչակել, իսկ Կաթողիկոսը կատարել է այդ որոշումը։ Քննչական մարմինը սա գնահատում է որպես դատարանի ակտի կատարման դիտավորյալ խոչընդոտում։ Պաշտպանությունը կարող է ունենալ հակառակ իրավական մեկնաբանություն։ Կարող է պնդել եկեղեցու կանոնական ինքնավարությունը, վիճարկել դատարանի միջամտության սահմանները կամ մեղադրանքի իրավական կառուցվածքը։ Բայց այդ ամենը պետք է քննարկվի դատարանում ։ Այստեղ է այս գործի իրական պետական նշանակությունը։ Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի պատմական ամենահին հաստատություններից է։ Բայց իրավական պետության գաղափարը հենց այն է, որ պատմական հեղինակությունը չի վերածվում իրավական անձեռնմխելիության։ Միաժամանակ պետությունը նույնպես իրավունք չունի քրեական իրավունքը դարձնելու եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման գործիք։ Այս երկու վտանգների միջև կա միայն մեկ օրինական ճանապարհ՝ անկախ, հրապարակային և արագ դատավարություն ։ Գարեգին Բ-ն մեղավոր է, թե անմեղ՝ պետք է որոշի դատարանը։ Բայց դատարանն էլ այլևս չի կարող իր պատասխանատվությունը տեղափոխել մեկ այլ հասցե։ Վճռաբեկ դատարանի որոշումը կարևոր է հենց այդ պատճառով։ Այն վերջ է դնում ընթացակարգային մառախուղին և վերադարձնում գործը իր իրական հարցին՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանի ամենահզոր հոգևոր հաստատությունը չկատարել դատարանի որոշումը՝ հղում անելով իր ներքին կանոններին ։ Այս հարցի պատասխանը նշանակություն կունենա ոչ միայն Մայր Աթոռի համար։ Այն ցույց կտա՝ Հայաստանում դատարանի որոշումը պարտադի՞ր է բոլորի համար, թե՞ կան հաստատություններ, որոնց համար օրենքի սահմանը սկսվում է սեփական դռան շեմից հետո։ Վճռաբեկը դատարանը գտավ։ Հիմա դատարանը պետք է գտնի իրավունքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12757

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով