Ուզբեկստանը՝ Հայաստանի բաց թողած ուղղությունը

Երևանում անցկացված Հայաստան-Ուզբեկստան քաղաքական խորհրդակցությունները առաջին հայացքից կարող են թվալ հերթական դիվանագիտական հանդիպում, բայց օրակարգը շատ ավելի խոսուն է՝ արդյունաբերական համագործակցություն, տրանսպորտ և լոգիստիկա, գյուղատնտեսություն, թվային տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, կրթություն։ Կողմերը նաև ողջունել են Երևան-Տաշքենդ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և պայմանավորվել խորացնել կապակցվածության շուրջ աշխատանքը։ Սա կարևոր է մի պարզ պատճառով․ Հայաստանը չափազանց երկար է Կենտրոնական Ասիան դիտել հիմնականում Ռուսաստանի միջով , մինչդեռ այնտեղ ձևավորվել է բոլորովին այլ տարածաշրջան։ Ուզբեկստանը դրա լավագույն օրինակն է։ 38 միլիոն բնակչություն, շուրջ 147 միլիարդ դոլարի տնտեսություն, 2025-ին՝ 7.7 տոկոս տնտեսական աճ։ 2017-ից հետո երկիրը հետևողականորեն բացել է տնտեսությունը, ներգրավել ներդրումներ, զարգացրել արդյունաբերությունը և արտահանումը։ Համաշխարհային բանկը 2026-ի համար ևս ավելի քան 6 տոկոս աճ է կանխատեսում։ Ուզբեկստանը նաև Հայաստանի անմիջական տնտեսական մրցակիցն է։ 2024-ին ռուսական շուկա այն արտահանել է ավելի քան 51 հազար տոննա թարմ ծիրան, մինչդեռ Հայաստանը՝ մոտ 5.3 հազար տոննա, այսինքն՝ Տաշքենդը մեզ համար միայն գործընկեր չէ։ Այն նաև օրինակ է, թե ինչպես կարելի է նույն շուկաներում ավելի արդյունավետ մրցել։ Բայց Ուզբեկստանի կարևորությունը միայն տնտեսական չէ։ Այն ՀԱՊԿ-ից դուրս է եկել առանց սկանդալի դեռ 2012-ին։ ԵԱՏՄ անդամ չէ՝ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, բայց միաժամանակ Ռուսաստանի հետ պահպանում է խորը տնտեսական կապեր։ Այս մոդելը ցույց է տալիս, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է Մոսկվայի հետ համագործակցել՝ առանց սեփական արտաքին քաղաքականությունը և ինքնիշխանությունը զոհաբերելու: Միաժամանակ Տաշքենդը տարիներ շարունակ զարգացնում է ռազմավարական երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ C5+1 ձևաչափից մինչև կրիտիկական հանքանյութերի, անվտանգության, առևտրի և ներդրումների համագործակցություն։ Հենց սա է Ուզբեկստանի ուժը՝ բազմավեկտորություն առանց ինքնության կորստի ։ Այս ընթացքում Ադրբեջանը Կենտրոնական Ասիայում շատ ավելի արագ է աշխատել։ Բաքուն և Տաշքենդը արդեն ունեն դաշնակցային հարաբերություններ, 500 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ընկերություն, միլիարդավոր դոլարների նախագծերի փաթեթ, իսկ երկու երկրների առևտուրը վերջին տարիներին բազմապատկվել է։ 2025-ին այն հասել է 795 միլիոն դոլարի։ Ավելին՝ Ադրբեջանը 2025-ին դարձավ Կենտրոնական Ասիայի առաջնորդների խորհրդակցական ձևաչափի լիիրավ մասնակից։ Դա արդեն աշխարհաքաղաքական դիրքավորում է։ Բաքուն փորձում է իրեն ներկայացնել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող տարածքի բնական մասնակից։ Հայաստանը այս քարտեզից դուրս մնալու իրավունք չունի։ Ղազախստանի հետ կապերը խորանում են, Տոկաևի այցը Հայաստան նախատեսվում է հոկտեմբերին, իսկ կողմերը քննարկում են նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերը։ Թուրքմենստանի նախագահը համաձայնել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին։ Հաջորդ օղակը պետք է լինի Ուզբեկստանը, հատկապես այն պահին, երբ TRIPP-ը կարող է Հայաստանը կապել Կասպից ծովի և այնուհետև Կենտրոնական Ասիայի հետ։ Այդ դեպքում Տաշքենդի հետ հարաբերությունները այլևս հեռավոր դիվանագիտություն չեն, դրանք դառնում են ճանապարհի, առևտրի, ներդրումների և արտադրության հարց։ Կենտրոնական Ասիան Հայաստանի համար այլևս հեռավոր տարածաշրջան չէ։ Եթե ուզում ենք դառնալ հաղորդակցությունների հանգույց, պետք է հարաբերություններ կառուցենք ոչ միայն այն երկրների հետ, որոնցով ճանապարհը անցնում է, այլ նաև նրանց հետ, որոնց համար այդ ճանապարհը պետք է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12997

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով