Բաքու գնալուց առաջ

Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ նրա հնարավոր Բաքու այցի կապակցությամբ։ Զոնաբենդը առաջարկել է, որ ինքն ու մյուս հայ բանտարկյալների ընտանիքների ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ այցին, եթե այն կայանա, և խնդրել է աջակցել իրենց հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։ Նա նաև հարցրել է՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Ալեն Սիմոնյանի այցի ընթացքում հանդիպում Բաքվում պահվող հայերի հետ, և պատրա՞ստ է նա մինչև մեկնելը հանդիպել ընտանիքներին ու վերցնել բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։ Այս դիմումը կարևոր է որպես հնարավոր այցի քաղաքական և դիվանագիտական օրակարգի փորձություն։ Եթե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան իսկապես մեկնում է Բաքու, ապա այնտեղ պահվող հայերի հարցը չի կարող մնալ այցի լուսանցքում։ Հակառակ դեպքում կստացվի հակասական պատկեր՝ Երևանն ու Բաքուն խոսում են խաղաղության, վստահության և հարաբերությունների կարգավորման մասին, մինչդեռ այդ նույն գործընթացի ամենազգայուն մարդասիրական հարցերից մեկը դուրս է մնում պաշտոնական շփման կենտրոնից։ Սա հատկապես կարևոր է, երբ Բաքվում պահվող հայերի նկատմամբ միջազգային մարդասիրական վերահսկողության հնարավորությունները սահմանափակ են, իսկ նրանց ընտանիքների տեղեկատվության հասանելիությունը՝ նվազ։ Հենց այդ պատճառով հնարավոր այցը պետք է դիտարկել որպես մարդասիրական հարցերի առաջմղման գործիք։ Այստեղ անհրաժեշտ է նաև դիվանագիտական իրատեսություն։ Հայաստանը չի կարող միակողմանի որոշել, թե ում է հանդիպելու Բաքվում։ Ցանկացած նման հանդիպում կախված է ադրբեջանական կողմի համաձայնությունից, բայց այստեղ էլ կա սկզբունքային տարբերություն։ Հնարավոր է Բաքուն մերժի հանդիպումը։ Հնարավոր է չթույլատրի ընտանիքների մասնակցությունը, բայց այդ դեպքում արդեն պարզ կլինի, որ Երևանը հարցը բարձրացրել է, իսկ Բաքուն՝ մերժել։ Շատ ավելի խնդրահարույց կլինի, եթե հարցն ընդհանրապես չդրվի։ Բարձրաստիճան պաշտոնական այցերը միշտ նաև առաջնահերթությունների հայտարարություն են։ Ինչը դրվում է օրակարգում՝ համարվում է կարևոր։ Ինչը չի դրվում՝ աստիճանաբար դուրս է մղվում քաղաքական կենտրոնից։ Հենց այստեղ է Զոնաբենդի ուղերձի հիմնական նշանակությունը։ Նա փաստորեն Հայաստանի իշխանությանը առաջարկում է իր իսկ հռչակած խաղաղության քաղաքականությունը ստուգել կոնկրետ մարդասիրական խնդրի վրա։ Եվ այս հարցը չի վերաբերում միայն Ռուբեն Վարդանյանին։ Այն վերաբերում է Բաքվում գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ նրանց քաղաքական կենսագրությունից, կարգավիճակից կամ Հայաստանի ներքին քաղաքական վերաբերմունքից։ Հայաստանը կարող է տարբեր գնահատականներ ունենալ Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ։ Բայց Բաքվում պահվող հայերի հարցում պետական դիրքորոշումը չի կարող պայմանավորվել նրանով, թե Երևանում ում նկատմամբ ինչ քաղաքական վերաբերմունք կա։ Դիվանագիտության մեջ կան հարցեր, որոնք բանակցության առարկա են և կան հարցեր, որոնց բարձրացումը պետության պարտականությունն է։ Բաքվում պահվող հայերի հարցը երկրորդ խմբում է։ Ուստի Ալեն Սիմոնյանի հնարավոր այցի իրական արժեքը միայն այն չի լինելու, թե ում հետ կհանդիպի և ինչ հայտարարություն կհնչի։ Ավելի կարևոր կլինի՝ արդյո՞ք Հայաստանը այդ այցը կօգտագործի Բաքվում պահվող հայերի հարցը քաղաքական օրակարգի կենտրոն վերադարձնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12972

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով