Քաղաքացիությունը՝ անձնագրից ավելի

Ներքին գործերի նախարարության առաջարկած փոփոխությունների հիմքում ճիշտ հարց է դրված․ ի՞նչ է Հայաստանի քաղաքացիությունը՝ պետության հետ իրական կապ, թե՞ պարզապես հայկական անձնագիր ստանալու հնարավորություն ։ Նախագիծը պատասխանում է բավական կոշտ։ Ընդհանուր կարգով քաղաքացիության համար առաջարկվում է հինգ տարվա օրինական բնակություն և այդ ընթացքում առնվազն 915 օր փաստացի ներկայություն Հայաստանում։ Ազգությամբ հայերի համար պահպանվում է արտոնյալ ճանապարհը, բայց արդեն պահանջվում է վերջին երկու տարվա ընթացքում օրինական բնակություն և առնվազն 366 օր փաստացի ներկայություն։ Քաղաքացիություն ստանալու տուրքը հնգապատկվում է՝ հասնելով 250 հազար դրամի, հրաժարվելու դեպքում՝ տասնապատկվում՝ մինչև 1,5 միլիոն։ Քաղաքացիությունից հրաժարվածը հինգ տարի չի կարող այն վերականգնել։ Երդումն էլ պետք է տալ Հայաստանում։ Տրամաբանության զգալի մասը հիմնավոր է՝ Գերմանիան սովորաբար պահանջում է հինգ տարվա օրինական բնակություն, գերմաներենի իմացություն և քաղաքացիական գիտելիքներ։ Ֆրանսիան նույնպես հիմնականում պահանջում է հինգ տարվա բնակություն և իրական ինտեգրում։ Միացյալ Նահանգներում սովորական բնականացման ճանապարհով պահանջվում է հինգ տարի մշտական բնակության կարգավիճակ և այդ ժամանակի առնվազն 30 ամիսը երկրում փաստացի գտնվել։ Այս պետությունները քաղաքացիությունը դիտում են ոչ թե որպես փաստաթուղթ, այլ որպես ձևավորված կապ հասարակության և պետության հետ: Հասկանալի է, որ Հայաստանը Գերմանիա կամ Ֆրանսիա չէ։ Այն նաև սփյուռքի պետություն է ։ Այս առումով ավելի խոսուն է Իսրայելի փորձը։ Քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգով այնտեղ նույնպես պահանջվում է իրական բնակություն և այն, որ մարդու կյանքի հիմնական կենտրոնը լինի երկրում։ Միաժամանակ հրեաների և նրանց ընտանիքների համար գործում է վերադարձի առանձին, արտոնյալ ճանապարհ։ Այսինքն՝ պետությունը հստակ տարբերակում է սովորական ներգաղթային ընթացակարգը և պատմական ազգային պատկանելությունից բխող հատուկ իրավունքը։ Հայաստանն էլ պետք է պահպանի այդ հավասարակշռությունը։ Նախագծի ուժեղ կողմն այն է, որ փորձում է փակել քաղաքացիության իրավիճակային օգտագործման ճանապարհը։ Եթե մարդը քաղաքացիություն է ստանում միայն ավելի հարմար անձնագրի, բիզնես հնարավորության կամ այլ գործնական առավելության համար՝ առանց Հայաստանում ապրելու կամ որևէ պատասխանատվություն կրելու, քաղաքացիությունն աստիճանաբար կորցնում է իր քաղաքական իմաստը։ Այս հարցն արդեն ունի նաև ընտրական նշանակություն։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր, որ արտերկրում բնակվող, բայց Հայաստանում պաշտոնական բնակության գրանցում պահպանող քաղաքացիները կարող են վերադառնալ և քվեարկել։ Դիտորդների զրուցակիցներից ոմանք մտահոգություն էին հայտնել արտերկրից ընտրողների հնարավոր կազմակերպված տեղափոխման վերաբերյալ։ Սա չի նշանակում, որ արտերկրում ապրող քաղաքացին կասկածելի ընտրող է, բայց վերջին ընտրությունները ցույց տվեցին՝ քաղաքացիության, բնակության, ընտրացուցակների և իրական կապի հարցերն արդեն ազգային անվտանգության ու ընտրական վստահության խնդիր են ։ Քաղաքացիության համակարգը չպետք է ստեղծի զանգվածներ, որոնք պետության հետ գրեթե ոչ մի առօրյա կապ չունեն, բայց անհրաժեշտ պահին կարող են դառնալ ընտրական տեխնոլոգիայի գործիք։ Այստեղ, սակայն, օրենքը կարող է հակառակ ծայրահեղության մեջ ընկնել։ Ազգությամբ հայից երկու տարվա ընթացքում 366 օր Հայաստանում գտնվելու պահանջը շատերի համար կարող է փաստացի փակել քաղաքացիության ճանապարհը։ Փարիզում, Լոս Անջելեսում կամ Բեյրութում ապրող հայը կարող է Հայաստանի հետ ունենալ շատ ավելի խոր մշակութային, ընտանեկան և տնտեսական կապ, քան Հայաստանում մեկ տարի պարզապես ֆիզիկապես անցկացրած օտարերկրացին։ Պետությունը չպետք է բնակության օրերի քանակը շփոթի պատկանելության խորության հետ ։ Նույնքան վիճահարույց է 1,5 միլիոն դրամը քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Քաղաքացիությունը արժեք է, բայց պետությունից իրավական կապը դադարեցնելը չպետք է վերածվի ֆինանսական պատժի։ Տուրքը կարող է ծածկել վարչական ծախսը և զսպել չարաշահումները, բայց տասնապատիկ բարձրացումը պահանջում է շատ ավելի համոզիչ հիմնավորում։ Ազգությամբ հայ լինելը հաստատող հատուկ հանձնաժողովն էլ անհրաժեշտ կարող է լինել, եթե իսկապես աճել են կեղծ փաստաթղթերի դեպքերը․ ՆԳՆ-ն նշում է 71 բացահայտված դեպք 2023–2026 թվականներին։ Բայց այստեղ պետք են չափազանց հստակ չափանիշներ։ Պետական հանձնաժողովը չպետք է վերածվի մարմնի, որը հայության մասին մշակութային կամ սուբյեկտիվ դատավճիռներ է կայացնում։ Փաստաթուղթը կարելի է ստուգել, ծագումը՝ հաստատել, բայց ինքնությունը վարչական ճաշակի հարց դարձնել չի կարելի։ Եվ նախագծում կա մեկ անհարմար թվային խնդիր։ ՆԳՆ-ն գրում է, որ 2021 թվականից մինչև 2026-ի օգոստոս քաղաքացիություն է ստացել 110,219 մարդ, բայց նույն հիմնավորման մեջ պնդում է, թե վերջին 15 տարիներին տարեկան քաղաքացիություն է ստացել շուրջ 250 հազար մարդ։ Այս թվերը միմյանց հետ ակնհայտորեն չեն համատեղվում։ Մինչ նման ծավալի օրենք ընդունելը պետությունը պարտավոր է նախ իր վիճակագրությունը ճշտել։ Ճիշտ ուղղությունը, հետևաբար, ոչ թե քաղաքացիությունը փակելն է, այլ այն արժեքավոր դարձնելը ։ Քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգով՝ իրական բնակություն Հայաստանում, հայերենի և Սահմանադրության իմացություն, ինչպես նաև անվտանգության պատշաճ ստուգում։ Ազգությամբ հայերի համար պետք է պահպանել քաղաքացիություն ստանալու հատուկ և հասանելի ճանապարհը՝ միաժամանակ ապահովելով ծագման արժանահավատ ստուգում և Հայաստանի հետ իրական կապի ողջամիտ չափանիշներ։ Իսկ ընտրական գործընթացների համար անհրաժեշտ են առանձին ու շատ ավելի խիստ երաշխիքներ՝ ընտրացուցակների ճշգրտության, բնակության փաստացի տվյալների և կազմակերպված ընտրական տեղափոխումների հնարավոր չարաշահումների դեմ։ Քաղաքացիությունը չպետք է վերածվի պարզապես ավելի հարմար անձնագիր ունենալու միջոցի։ Բայց Հայաստանի նման պետության համար այն չի կարող նաև չափվել միայն այստեղ անցկացրած օրերի քանակով։ Լավ օրենքը պետք է կարողանա տարբերել երկուսը՝ ով է պարզապես ցանկանում ունենալ Հայաստանի անձնագիրը, և ով է իրապես ցանկանում կապվել Հայաստանի Հանրապետության հետ՝ իրավունքներով, պարտականություններով և պատասխանատվությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12895

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով