Քննչական կոմիտեն հրապարակել է ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության կադրերը։ Տեսանյութում երևում են թանկարժեք նկարներ, հավաքածուներ, զենքեր և այլ իրեր։ Խուզարկություններ են իրականացվել նաև նրա որդու բնակարանում և ընտանիքի հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերություններում։ Խաչատրյանը կալանավորվել է, իսկ նոր քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներին։ Նկարները կամ թանկարժեք իրերը ինքնին հանցագործության ապացույց չեն։ Դատարանն է որոշելու՝ արդյոք մեղադրանքները հիմնավորված են։ Բայց այս պատմության քաղաքական իմաստը շատ ավելի լայն է։ Գագիկ Խաչատրյանը տարիներ շարունակ ղեկավարել է հենց այն պետական համակարգերը, որոնք պետք է վերահսկեին քաղաքացիների եկամուտները, հարկերը, մաքսային վճարներն ու պետական ֆինանսները։ Եվ այսօր նույն պետությունը նրանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով պահանջում է 193 անշարժ գույք՝ այդ թվում 46 բնակարան Երևանի Կենտրոնում և 89 գույք Կոտայքում, մասնակցություն 29 ընկերությունում, 14 շարժական գույք, խոշոր դրամական միջոցներ ու ֆինանսական ակտիվներ։ Սա դեռ հայց է, ոչ վերջնական դատական վճիռ։ Բայց նույնիսկ այդ վերապահումով թիվը ստիպում է հարց տալ՝ ինչպե՞ս էր նորանկախ Հայաստանում պետական պաշտոնը այդքան հաճախ համատեղվում այնպիսի մասնավոր հարստության հետ, որի ծագումը տարիներ անց ստիպված է պարզել արդեն դատարանը։ Եւ սա ամենևին միայն Գագիկ Խաչատրյանի հարցը չէ։ Հայաստանի անկախացումից հետո ձևավորված համակարգի ամենախոր արատներից մեկը հենց այն էր, որ պետության վերահսկողն ու տնտեսական ազդեցության կենտրոնը հաճախ ապրում էին նույն մարդու մեջ։ Պաշտոնյան վերահսկում էր բիզնեսին, բիզնեսը կախված էր պաշտոնյայից, իսկ պետական իշխանությունը աստիճանաբար վերածվում էր նաև տնտեսական կապիտալի։ Օրուելի հայտնի բանաձևով՝ բոլորը օրենքի առաջ հավասար էին, բայց որոշները՝ ավելի հավասար։ Փոքր գործարարը գիտեր, թե ինչ կարող է նշանակել ուշացած հարկը, սխալ հայտարարագիրը կամ մաքսային խնդիրը, իսկ համակարգի վերևում ձևավորվում էին այնպիսի հարստություններ, որոնց ծավալների մասին հասարակությունը իմանում է միայն հեղափոխությունից ութ տարի հետո։ Հենց սա է օլիգարխիկ պետության էությունը։ Այնտեղ կոռուպցիան ամբողջ հարաբերությունների կառուցվածք է, որտեղ պաշտոնը տալիս է տեղեկություն, կապ, վերահսկողություն, որոշումների վրա ազդեցություն և տնտեսական հնարավորությունների անհավասար հասանելիություն։ Գագիկ Խաչատրյանի գործը հատկապես խորհրդանշական է հենց նրա պաշտոնների պատճառով։ Եթե նախկին ճանապարհաշինության պատասխանատուից հայտնաբերվեին տասնյակ գույքեր, դա նույնպես լուրջ հարց կլիներ։ Բայց երբ պետական հարկահավաք համակարգի նախկին ղեկավարի նկատմամբ պետությունը ներկայացնում է նման ծավալի գույքային պահանջներ, խնդիրը դառնում է ամբողջ համակարգի բարոյական հաշվեկշիռը։ Այստեղ միայն մեկ ճիշտ ճանապարհ կա՝ պետք են արագ, պրոֆեսիոնալ և ավարտին հասցված դատավարություններ։ Դատախազության սեփական տվյալներով՝ Խաչատրյանի դեմ մեկ այլ գործով դատաքննությունն արդեն վեց տարի շարունակվել է առանց վերջնական դատավճռի։ Սա անընդունելի է։ Արդարադատությունը կորցնում է իր ուժը երբ մեղադրանքը տարիներով մնում է օդում։ Եթե գույքը օրինական է՝ պետությունը պարտավոր է դա ընդունել, եթե ապօրինի է՝ պետք է վերադարձվի մինչև վերջին դրամը, բայց այս գործերի վերջնական նպատակը նույնիսկ այդ վերադարձը չէ։ Այս պատմությունների գլխավոր նպատակը չպետք է լինի նախկին պաշտոնյաների հարստությունը տարիներ անց հրապարակայնորեն ցուցադրելը։ Պետության իրական խնդիրը շատ ավելի բարդ է՝ ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ պաշտոնն ու մասնավոր հարստությունը սկզբից իսկ չեն կարող այս չափով խառնվել իրար։ Իրավական պետության ուժը հետադարձ պատժի մեջ չէ միայն։ Նրա ուժը կանխելու կարողությունն է՝ այնպես կառուցել կանոնները, վերահսկողությունն ու հաշվետվողականությունը, որ պետական պաշտոնը երբեք չդառնա անձնական հարստացման ամենակարճ ճանապարհը։



