Երբ Հայաստանը դադարում է փակուղի լինել

Բաքվի իշխանամերձ Minval Politika -ն Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցն ու Էմանուել Մակրոնի հետ բանակցությունները դիտարկում է ուշագրավ անկեղծությամբ․ Ֆրանսիան, ըստ ադրբեջանական մեկնաբանության, հետևողականորեն փորձում է նվազեցնել անվտանգության և հաղորդակցությունների ոլորտներում Հայաստանի կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից՝ միաժամանակ հնարավորություն ստանալով հաստատվելու Հարավային Կովկասի ռազմավարական ենթակառուցվածքներում։ Այստեղ քարոզչությունը մի կողմ դնելու դեպքում մնում է մի կարևոր խոստովանություն՝ Բաքուն նկատում է, որ Հայաստանը դանդաղորեն փոխում է իր աշխարհագրության քաղաքական նշանակությունը։ Փաշինյան-Մակրոն հանդիպման պաշտոնական օրակարգը դրա լավագույն ապացույցն է։ Փարիզում խոսվել է ոչ միայն քաղաքականության, այլև տնտեսական դիվերսիֆիկացիայի, Բարգուշատի թունելի, տիեզերական համագործակցության մասին։ Մայիս ամսին Հայաստանն ու Ֆրանսիան հարաբերությունները բարձրացրել էին ռազմավարական գործընկերության մակարդակի՝ ներառելով պաշտպանական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը և կիսահաղորդիչները։ Այժմ դրան ավելանում են տրանսպորտային և տիեզերական ենթակառուցվածքները։ Սա արդեն բարեկամության մասին չէ։ Սա աշխարհաքաղաքականություն է։ Մեծ տերությունները փոքր երկրներում ազդեցություն են ձեռք բերում ոչ միայն ռազմաբազաներով։ Տասնիններորդ դարում կայսրությունները կառուցում էին նավահանգիստներ ու երկաթուղիներ։ Քսաներորդում՝ խողովակաշարեր և ռազմակայաններ։ Քսանմեկերորդում ազդեցության ենթակառուցվածքը նաև արբանյակն է, տվյալների կենտրոնը, թվային ցանցը, ճանապարհը և այն տեխնոլոգիան, առանց որի պետությունը չի կարող ինքնուրույն գործել։ Ֆրանսիան Հայաստանում աստիճանաբար անցնում է քաղաքական ներկայությունից նյութական ներկայության։ Զենքին ավելանում են ճանապարհները, ռազմական տեխնոլոգիաներին՝ տիեզերքը, դիվանագիտությանը՝ տնտեսությունը։ Փարիզն այստեղ բարեգործ չէ՝ Հայաստանը ցանկանում է այլընտրանքներ, Ֆրանսիան՝ ազդեցություն։ Հենց այդ շահերի համընկնումն է հարաբերությունը դարձնում ռազմավարական։ Բայց Minval-ի ձևակերպման մեջ կա նաև էական անճշտություն։ Հայաստանի անվտանգության գլխավոր կախվածությունը տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանից, ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Ֆրանսիական ռազմական համագործակցության առաջին աշխարհաքաղաքական հետևանքը հենց ռուսական մենաշնորհի քայքայումն է։ Հաղորդակցությունների դեպքում պատկերը հակառակն է․ Հայաստանի խնդիրը եղել է ոչ այնքան Թուրքիայից ու Ադրբեջանից կախվածությունը, որքան նրանց կողմից շրջանցված լինելը։ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, Հարավային գազային միջանցքը և Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին ստեղծեցին տարածաշրջանային աշխարհատնտեսություն, որի քարտեզի վրա Հայաստանը երկար ժամանակ սպիտակ տարածք էր։ Հիմա հենց այդ քարտեզն է փոխվում։ Բարգուշատի թունելը Հյուսիս-Հարավ ճանապարհի սովորական շինարարական հատված չէ՝ այն Հայաստանի հարավային դարպասը Իրանի հետ կապող և դեպի Վրաստան ու Սև ծով շարունակվող առանցքի մաս է։ TRIPP-ը Հայաստանին ներառում է արևելք-արևմուտք նոր հաղորդակցության մեջ։ Թուրքիայի սահմանի հնարավոր բացումը ստեղծում է երրորդ ուղղությունը։ Եթե այս երեք համակարգերը միաժամանակ աշխատեն, Հայաստանը փակուղուց վերածվում է խաչմերուկի։ Այստեղ է Բաքվի անհանգստության իրական պատճառը։ Ադրբեջանի վերջին երկու տասնամյակների ամենամեծ ռազմավարական հաջողություններից մեկը սեփական աշխարհագրությունը կապիտալի վերածելն էր։ Նավթը բավարար չէր. անհրաժեշտ էր դառնալ ճանապարհ, խողովակաշար, տարանցիկ երկիր, Եվրոպայի էներգետիկ գործընկեր։ Հայաստանը մինչդեռ մնաց լուսանցքում։ Այդ անհավասարակշռությունը Բաքվին տալիս էր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առավելություն։ Եթե Հայաստանը նույնպես դառնում է անհրաժեշտ տարածք՝ Իրանից Սև ծով, Ադրբեջանից Նախիջևան, Եվրոպայից Կենտրոնական Ասիա, ապա փոխվում է ոչ միայն ճանապարհների քարտեզը, փոխվում է ուժերի հարաբերակցությունը։ Պետության աշխարհաքաղաքական արժեքը մեծանում է երբ ուրիշներն իրենց շահը սկսում են տեսնել նրա կայունության մեջ։ Սա նյարդայնացնում է նաև Մոսկվային։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում տասնամյակներով ամրացված էր ոչ միայն ռազմաբազայով, այլև անվտանգության, էներգետիկայի, երկաթուղու և հաղորդակցության համակարգերով։ Այդպիսի ազդեցությունն ավելի ամուր է, քան ցանկացած դաշինքի հռչակագիր։ Եթե անվտանգության ոլորտում հայտնվում է Ֆրանսիան, TRIPP-ում՝ Միացյալ Նահանգները, Հյուսիս-Հարավում՝ եվրոպական ընկերությունները, իսկ տիեզերական ու թվային ոլորտներում՝ նոր արևմտյան գործընկերներ, Ռուսաստանը կորցնում է ոչ այնքան Հայաստանի նկատմամբ «բարեկամությունը», որքան «էքսկլյուզիվությունը»։ Թուրքիայի համար խնդիրը այլ է։ Անկարան Հարավային Կովկասում 2020-ից հետո դարձել է առանցքային ուժ։ Ֆրանսիական ներկայությունը նրան դուրս չի մղում տարածաշրջանից, բայց թույլ չի տալիս, որ Հարավային Կովկասում ձևավորվի բացառապես թուրք-ադրբեջանական կամ ռուս-թուրքական ուժային համակարգ։ Հարավային Կովկաս է վերադառնում եվրոպական ուժային գործոնը։ Սակայն Հայաստանի համար կա մի սկզբունքային վտանգ։ Ռուսական կախվածությունից դուրս գալը հաջողություն չէ, եթե այն ավարտվում է մեկ այլ կախվածությամբ։ Ինքնիշխանության իմաստը հովանավոր փոխելը չէ․ այն ընտրության հնարավորությունների բազմապատկումն է, հետևաբար Հայաստանի ճիշտ ռազմավարությունը ոչ թե Ռուսաստանը Ֆրանսիայով, իսկ Իրանը կամ Թուրքիան Ամերիկայով փոխարինելն է, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ Հայաստանը միաժամանակ կապ ունի Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և դրանցից ոչ մեկը չի կարող իրեն հայտարարել Հայաստանի միակ ճանապարհը դեպի աշխարհ։ Հենց այստեղ Minval-ի անհանգստությունը դառնում է ամենահետաքրքիր։ Եթե խաղաղությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է մնա թույլ, մեկուսացված և սահմանափակ արտաքին ընտրություններով, դա խաղաղություն չէ։ Դա խաղաղություն չէ, այլ ուժային առավելությունը քաղաքական պայման դարձնելու փորձ։ Կայուն խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ հար եւ անի ինքնիշխան ընտրությունը դադարում է ընկալվել որպես սպառնալիք ։ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ունենալ միմյանց չհամընկնող շահեր, տարբեր դաշնակիցներ և նույնիսկ միմյանց համար անցանկալի արտաքին քաղաքականություն։ Խաղաղությունը դրանց նույնականացումը չէ․ այն միմյանց ինքնուրույն ընտրության իրավունքի ճանաչումն է։ Ֆրանսիան այստեղ ոչ փրկիչ է, ոչ բարերար՝ այն պարզապես հասկացել է մի բան, որը Հայաստանը չափազանց երկար չէր հասկանում․ Հարավային Կովկասում ճանապարհը, արբանյակը, տվյալը և անվտանգությունը նույն աշխարհաքաղաքականության տարբեր լեզուներն են , և եթե Բաքվի իշխանամերձ մամուլն արդեն անհանգստացած գրում է Հայաստանի այլընտրանքների մասին, նշանակում է՝ այդ այլընտրանքներնսկսել են նկատելի դառնալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12984

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով