TURKPOL․ նոր ուժային տարածք Հայաստանի շուրջ

Թյուրքական պետությունները պատրաստվում են ստեղծել Հանցագործության դեմ պայքարի խորհուրդ, որը հետագայում կարող է վերածվել TURKPOL-ի՝ անդամ երկրների իրավապահ մարմինների համագործակցության մշտական գործակալության։ Աստանայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին դրա համար արդեն երկու համեմատություն է առաջարկել՝ Եվրոպոլ և ASEANAPOL։ Առաջին հայացքից սա տեխնիկական նախաձեռնություն է։ Հանցագործությունը վաղուց ազգային սահմաններ չի ճանաչում։ Թմրամիջոցը շարժվում է մի քանի երկրով, կիբերհանցագործությունը կարող է կազմակերպվել մեկ մայրցամաքում և ավարտվել մյուսում, ապօրինի միգրացիան ու մարդկանց թրաֆիքինգը գործում են ցանցերով։ Հետևաբար ոստիկանություններն էլ ստիպված են աշխատել ցանցերով։ Բայց TURKPOL-ի նշանակությունը միայն հանցագործության դեմ պայքարը չէ։ Երբ պետությունների միությունը սկսում է ստեղծել սեփական իրավապահ համագործակցության մարմինը, այն այլևս միայն մշակութային ակումբ չէ ՝ ա յն սկսում է կառուցել ինստիտուտներ։ Եվ հենց այստեղ է Աստանայի հանդիպման աշխարհաքաղաքական նշանակությունը։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Հետագայում միացավ Ուզբեկստանը։ Կազմակերպության հիմքում սկզբում ընդհանուր պատմության, լեզվի, ինքնության և մշակույթի գաղափարն էր։ Բայց տարիների ընթացքում այդ մշակութային բառապաշարի շուրջ սկսեցին աճել շատ ավելի նյութական կառույցներ՝ քաղաքական համակարգում, խորհրդարանական համագործակցություն, գործարար և ներդրումային մեխանիզմներ, տրանսպորտ, մաքսային համագործակցություն, էներգետիկա, միգրացիա, արդարադատություն և իրավապահ համակարգեր։ TURKPOL-ը այդ շղթայի հաջորդ օղակն է։ Եվրոպական ինտեգրման պատմությունն այստեղ ուսանելի զուգահեռ է։ Եվրոպան նույնպես չսկսվեց Եվրոպոլից։ Այն սկսվեց ածխից ու պողպատից, հետո եկան ընդհանուր շուկան, սահմանների բացումը, միասնական կանոնները, իսկ տնտեսական փոխկախվածությունը աստիճանաբար պահանջեց նաև ոստիկանությունների ավելի խոր համագործակցություն։ Եվրոպոլն այսօր պետություն չէ և եվրոպական դաշնային ոստիկանություն չէ։ Այն ազգային ոստիկանություններին փոխարինելու փոխարեն օգնում է նրանց փոխանակել տեղեկություններ, վերլուծել հանցավոր ցանցերը և համակարգել անդրսահմանային գործողությունները։ Թյուրքական աշխարհը, իհարկե, Եվրոպական միություն չէ, և TURKPOL-ը Եվրոպոլ անվանելը դեռ այն Եվրոպոլ չի դարձնում, բայց ինստիտուտների պատմության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կառույցը այսօր, այլև՝ ինչ խնդիր է պետությունը սովորում վաղը լուծել այլ պետությունների հետ միասին ։ Այսօր՝ հետախուզվող անձ։ Վաղը՝ ընդհանուր տվյալների բազա։ Հետո՝ կազմակերպված հանցավորության ցանցեր, ֆինանսական հոսքեր, կիբեռհանցագործություն, սահմանային անվտանգություն, անօրինական միգրացիա։ Աստանայում քննարկվող օրակարգն արդեն ընդգրկում է ահաբեկչությունը, նոր տեսակի կազմակերպված հանցավորությունը, կիբեռհանցագործությունները, ապօրինի խաղադրույքներն ու մոլախաղերը, հետախուզվողների հայտնաբերումը և միգրանտների մաքսանենգությունը։ Ինտեգրումը հաճախ հենց այսպես է տեղի ունենում։ Ոչ թե մեկ մեծ պայմանագրով, այլ փոքր լիազորությունների աստիճանական կուտակմամբ։ Սկզբում պետությունները միասին համաժողով են անցկացնում։ Հետո ստեղծում են քարտուղարություն։ Հետո՝ հիմնադրամ։ Հետո՝ տվյալների փոխանակման համակարգ։ Եվ մի օր պարզվում է, որ նախկինում ազգային համարված բազմաթիվ գործառույթներ արդեն ունեն տարածաշրջանային ենթակառուցվածք։ Թյուրքական պետությունների կազմակերպության ամենակարևոր փոփոխությունը հենց սա է․ ընդհանուր ինքնության գաղափարը աստիճանաբար վերածվում է ընդհանուր շահերի կառավարման մեխանիզմի ։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար։ Մեր անմիջական հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, այս համակարգի առանցքային անդամներն են։ Իսկ կազմակերպության աշխարհագրությունը Կասպից ծովից անցնում է Կենտրոնական Ասիա՝ ընդգրկելով մի տարածք, որն այսօր Եվրոպա–Ասիա նոր հաղորդակցությունների կարևորագույն գոտիներից է։ Այդ տարածքում կառուցվում են ոչ միայն ճանապարհներ։ Կառուցվում են հարաբերություններ այն պետությունների միջև, որոնցով անցնելու են ճանապարհները։ Միջին միջանցքը, Կասպից ծովի նավահանգիստները, երկաթուղիները, էներգետիկ հաղորդակցությունները և մաքսային պարզեցումները տնտեսական ենթակառուցվածք են։ Բայց դրանց կողքին տվյալների, սահմանային վերահսկողության, միգրացիայի և իրավապահ համագործակցության համակարգերի ստեղծումն արդեն ձևավորում է քաղաքական ենթակառուցվածք։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցող Հայաստանը պետք է հետաքրքրված լինի իր հարևանությամբ կանխատեսելի և կանոններով գործող տարածաշրջանային համակարգերի ձևավորմամբ։ Անդրազգային հանցավորության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործության կամ ապօրինի միգրացիայի դեմ համագործակցությունը Հայաստանի համար նույնպես շահավետ կարող է լինել։ Բայց այստեղ կա ավելի մեծ ռազմավարական հարց։ Եթե Հայաստանի շուրջ ձևավորվում են տարածաշրջանային ինստիտուտներ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մնալ դրանց միջև դատարկ տարածք։ Երևանի պատասխանը չպետք է լինի թյուրքական ինտեգրման դեմ պայքարը։ Այն պետք է լինի սեփական ինտեգրման խորացումը՝ Եվրոպական միության, եվրոպական իրավապահ ու դատական կառույցների, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի այլ գործընկերների հետ, միաժամանակ գործնական հարաբերություններ կառուցելով հենց այդ նոր համակարգերի հետ։ TURKPOL-ը դեռ ընդամենը առաջարկ է։ Համաձայնագիրը դեռ բանակցվում է։ Անհայտ են կառույցի վերջնական լիազորությունները, տվյալների փոխանակման կանոնները և իրական գործառնական կարողությունները։ Ուստի վաղ է այն ներկայացնել որպես պատրաստ «թյուրքական Եվրոպոլ»։ Բայց քաղաքականության մեջ երբեմն նախագիծն ավելի հետաքրքիր է, քան արդեն կառուցված շենքը, որովհետև ցույց է տալիս՝ ուր է ցանկանում հասնել կառուցողը ։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը աստիճանաբար անցնում է ընդհանուր անցյալի մասին խոսելուց ընդհանուր ապագայի համար ինստիտուտներ կառուցելուն։ TURKPOL-ի գաղափարի ամենակարևոր նորությունը ոստիկանությունը չէ։ Նորությունն այն է, որ թյուրքական աշխարհը փորձում է ինքնությունը վերածել ինստիտուտի, իսկ ինստիտուտը՝ աշխարհաքաղաքական ուժի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13081

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով