Հայաստանում 15-ամյա երեխաների շուրջ 58 տոկոսը միաժամանակ մաթեմատիկայից, բնագիտությունից և ընթերցանությունից չի հասնում գիտելիքի այն նվազագույն մակարդակին, որը թույլ է տալիս սովորածը կիրառել պարզ իրավիճակներում։ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը միջինը մոտ 20 տոկոս է։ Բարձրագույն՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակին Հայաստանում հասնում է երեխաների ընդամենը 0.8 տոկոսը՝ ՏՀԶԿ-ի 11.9 տոկոսի դիմաց։ Հայաստանը PISA 2025-ի տարբեր ուղղություններով 91 մասնակիցների շարքում հայտնվել է 73–83-րդ տեղերի միջակայքում։ Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն այս պատկերը կապեց նախորդ տասնամյակների կրթական համակարգի հետ՝ հիշեցնելով, որ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, դարձել էր գիտությունների դոկտոր ու պրոֆեսոր, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ գրքի հեղինակ։ Դիտարկումը կոշտ է, բայց խնդիրը շատ ավելի մեծ է երկու անունից։ Հայաստանում տարիներ շարունակ կառուցվել է մի կրթական մշակույթ, որտեղ գիտական աստիճանը միշտ չէ, որ միայն գիտական նվաճման վկայական է եղել։ Այն դարձել է նաև սոցիալական կարգավիճակի, պաշտոնեական հեղինակության, երբեմն էլ պարզապես կենսագրությունը զարդարող տիտղոս։ Պաշտոնյաներ, պատգամավորներ, մարզային ղեկավարներ, գործարարներ մտել են համալսարաններ, պաշտպանել ատենախոսություններ, դարձել թեկնածուներ ու դոկտորներ, հրատարակել գրքեր։ Համակարգը նրանց շնորհել է գիտական լեզվի խորհրդանշական իշխանությունը, մինչդեռ հասարակությունն այդ ամբողջ ընթացքում ավելի կրթված չի դարձել։ Սա է PISA-ի ամենացավոտ տողատակը։ Մենք երկար տարիներ չափել ենք կրթությունը տիտղոսներով, մինչդեռ աշխարհը չափում էր այն կարողություններով։ Գիտական կոչումների քանակը կարելի է բազմապատկել, գիտելիքը՝ ոչ։ Հենց այդ պատճառով վարչապետի մատնանշած օրինակները պետք է ոչ թե ավարտեն քննարկումը, այլ սկսեն այն։ Եթե Լիսկայի գիտական աստիճանը մեզ այսօր զավեշտալի է թվում, պետք է հարցնել՝ ո՞վ է տվել այդ աստիճանը ։ Ո՞վ է հաստատել թեման, ո՞վ է եղել գիտական ղեկավարը, ո՞վ է ստորագրել եզրակացությունը, ո՞ր մասնագիտական խորհուրդն է քվեարկել, և ինչպե՞ս է այդ ամբողջ ընթացակարգը անցել այն հաստատությունների միջով, որոնք կոչված էին պաշտպանելու հայկական գիտության հեղինակությունը, որովհետև գիտական աստիճանը մարդն ինքն իրեն չի շնորհում։ Եվ այստեղ պատասխանատվությունը քաղաքական գործչից տեղափոխվում է համալսարան, գիտական խորհուրդ և պետություն։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե նախկին պաշտոնյաների գիտական կենսագրությունների հանրային դատավարություն, այլ գիտական աստիճանների որակի համապետական ստուգում ։ Պետք է սահմանվեն չափանիշներ՝ ատենախոսությունների ամբողջական թվայնացում, հրապարակային հասանելիություն, գրագողության պարտադիր ստուգում, հրապարակումների իրական գիտական արժեքի գնահատում, մասնագիտական խորհուրդների որոշումների պատասխանատվություն և, ծանր խախտումների դեպքում, գիտական աստիճանի վերանայման գործուն ընթացակարգ։ Եվ սա պետք է վերաբերի բոլորին՝ նախկին ու ներկա պաշտոնյաներին, գործարարներին, պատգամավորներին, համալսարանի ղեկավարներին և հենց ակադեմիական վերնախավին։ Ուստի խնդիրը մի Լիսկայի գիտական կոչումը չէ։ Խնդիրն այն համակարգն է, որը տարիներ շարունակ գիտական աստիճաններ է շնորհել՝ հաճախ չկարողանալով պաշտպանել դրանց գիտական արժեքն ու հեղինակությունը։ Հարցն այլևս այն չէ, թե ով է այդ համակարգից օգտվել, այլ՝ քանի՞ այդպիսի գիտական կենսագրություն է այն արտադրել և քանի՞սն են այսօր շարունակում կրել պետության կողմից ճանաչված գիտական աստիճաններ։ Խնդիրը միայն կեղծ կամ թույլ ատենախոսությունները չեն։ Ավելի վտանգավոր է դրանց թողած մշակույթը։ Երբ երիտասարդ հետազոտողը տեսնում է, որ ազդեցիկ մարդը գիտական աստիճան է ստանում ոչ այն ճանապարհով, որով ինքը տարիներ է աշխատում լաբորատորիայում կամ գրադարանում, գիտությունը կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ արժանիքի նկատմամբ վստահությունը։ Այդտեղից մինչև PISA այնքան էլ երկար ճանապարհ չկա՝ եթե հասարակությունը երեխաներին ցույց է տալիս, որ կարգավիճակը կարելի է ձեռք բերել առանց համապատասխան գիտելիքի, դժվար է դպրոցից պահանջել, որ գիտելիքը ներկայացնի որպես հաջողության գլխավոր ճանապարհ։ Սակայն այստեղ Փաշինյանի բացատրությունն էլ բավարար չէ։ Նոր դպրոց կառուցելը անհրաժեշտ է, բայց շենքը կրթություն չէ։ Ֆինլանդիան, Էստոնիան կամ Սինգապուրը կրթական հաջողություն չեն կառուցել միայն նոր դպրոցներ կառուցելով։ Նրանք կառուցել են ուսուցչի ընտրության, պատրաստման, գնահատման, ուսումնական ծրագրի և պատասխանատվության համակարգեր։ Հայաստանի PISA-ի խնդիրը միայն դպրոցական շենքերի վիճակը չէ։ Այն առաջին հերթին կրթության որակն է՝ ինչ է սովորում երեխան և ինչ կարողություններ է ձեռք բերում դպրոցն ավարտելիս։ Կենտրոնական բանկի հաշվարկը խնդիրը տեղափոխում է նույնիսկ տնտեսության դաշտ։ Եթե ապագա բոլոր սերունդները հասնեն առնվազն PISA-ի երկրորդ մակարդակին, բարձր հմտություններից ստացվող երկարաժամկետ տնտեսական օգուտների ներկա արժեքը կարող է մոտենալ Հայաստանի ներկայիս տարեկան ՀՆԱ-ի հնգապատիկին։ Այսինքն՝ կրթական ճգնաժամը ոլորտային նախարարության թեմա չէ։ Դա տնտեսական աճի, բանակի, տեխնոլոգիայի, պետական կառավարման և վերջապես ինքնիշխանության հարց է։ XX դարում պետության ուժը չափում էին գործարաններով, հանքերով ու տանկերով։ XXI դարում դրան ավելացել է ավելի անողոք չափանիշ՝ քանի՞ երեխա կարող է կարդացածը հասկանալ, խնդիրը լուծել և գիտելիքը կիրառել անծանոթ իրավիճակում։ Հայաստանն այդ քննությունից վատ գնահատական է ստացել։ Հիմա կարելի է վիճել, թե ով է մեղավոր։ Կարելի է հիշեցնել նախկին իշխանությունների դպրոցները, Լիսկայի դոկտորականը կամ Ծառուկյանի գրքերը։ Բայց եթե տասը տարի անց Հայաստանի երեխաները նույն արդյունքն ունենան, այդ բացատրություններն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրի։ Ուստի PISA-ի պատասխանը պետք է սկսվի ոչ թե 300 նոր դպրոցով, այլ շատ ավելի անհարմար որոշումից՝ Հայաստանում գիտելիքը կրկին դարձնել ավելի արժեքավոր, քան գիտելիքի մասին վկայականը ։ Դա նշանակում է նույն չափանիշը կիրառել առաջին դասարանցու, ուսուցչի, համալսարանի պրոֆեսորի և գիտությունների դոկտորի նկատմամբ, որովհետև երկրի կրթական համակարգի իրական որակը որոշվում է ոչ թե նրանով, թե քանի դոկտոր ունի պետությունը, այլ նրանով, թե որքան դժվար է այդ պետությունում առանց գիտելիքի դոկտոր դառնալ։



