Երբ կայանատեղին մարդու կյանքից թանկ է

Գյումրիում 26-ամյա բժիշկ է սպանվել։ Ըստ հրապարակված նախնական տեղեկությունների՝ երկու հարևանների միջև առավոտյան մեքենայի կայանման շուրջ սկսված վեճը երեկոյան վերածվել է նոր բախման, դանակահարության և երիտասարդ մարդու մահվան։ Նրա հայրը վիրավորվել է։ Քննությունը կվերականգնի կատարվածի ամբողջ պատկերը, իսկ դատարանը կորոշի յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց այս ողբերգությունն արդեն իսկ մեզ կանգնեցնում է մի հարցի առաջ, որը քրեական գործի սահմաններից շատ ավելի լայն է․ ինչպե՞ս է սովորական կենցաղային վեճը հասնում այն սահմանագծին, որտեղ դիմացինի կյանքն այլևս չի զսպում բռնությունը։ Ինչպե՞ս է կայանատեղիի շուրջ վեճը վերածվում մի հակամարտության, որտեղ վիրավորված ինքնասիրությունը մարդու կյանքից ավելի թանկ է դառնում։ Սա միայն առանձին մի ընտանիքի ողբերգությունը չէ։ Երբ կենցաղային տարաձայնությունը ժամերի ընթացքում կարող է վերածվել մահացու հաշվեհարդարի, խնդիրը սկսվում է շատ ավելի շուտ, քան ձեռքը հասնում է դանակին։ Այն սկսվում է այնտեղ, որտեղ անհամաձայնությունը վերածվում է անձնական վիրավորանքի, զիջումը՝ պարտության, իսկ ուժի գործադրումը՝ սեփական արժանապատվությունը պաշտպանելու ընդունելի միջոցի։ Մենք հաճախ ենք հպարտանում, որ առաջինն ենք քրիստոնեությունը պետական կրոն հռչակել, խոսում ենք մեր եկեղեցիներից, խաչքարերից, ընտանիքի և ավանդույթի հանդեպ հավատարմությունից։ Բայց քաղաքակրթությունը պատմական առաջնության վկայական չէ՝ այն ամեն օր ապրվող վարքագիծ է։ Քրիստոնեությունը միայն 301 թվականի հիշողությունը չէ։ Այն մարդու մեջ դրված բարոյական սահման է՝ ուժ ունենալ, բայց չգործադրել այն, վիրավորվել, բայց վրեժ չլուծել, զայրանալ, բայց չոչնչացնել դիմացինին, և մարդկային կյանքը սեփական արժանապատվության ամենախոցված զգացումից անգամ բարձր դասել ։ Եթե այդ սահմանը չի գործում, աշխարհի ամենահին եկեղեցիներն անգամ չեն կարող հասարակությանը քրիստոնյա դարձնել։ Ուստի արժե հարցնել նաև՝ որտե՞ղ է Եկեղեցին։ Ոչ միայն այս ողբերգությունից հետո ցավակցելու համար, որտե՞ղ է այն ամենօրյա աշխատանքում՝ ընտանիքում, դպրոցում, թաղամասում, երիտասարդների հետ՝ արժանապատվությունը բռնությունից բաժանելու համար։ Հոգևորականի գործը միայն պատարագ մատուցելը կամ քաղաքական բանավեճի մասնակից դառնալը չէ։ Նրա ամենադժվար ամբիոնը երբեմն այն բակն է, որտեղ երկու հարևան այլևս չեն կարող միմյանց հետ խոսել։ Բայց սա միայն Եկեղեցու հարցը դարձնելը նույնքան սխալ կլինի։ Որտե՞ղ է պետությունը։ Ժամանակակից պետության արդյունավետությունը չափվում է ոչ միայն նրանով, թե որքան արագ է այն բացահայտում հանցագործությունը, այլև՝ որքանով է կարողանում կանխել այն։ Հանցագործին գտնելն ու պատասխանատվության ենթարկելը պետության պարտականությունն է, իսկ հասուն պետական համակարգի իրական կարողությունը երևում է այնտեղ, որտեղ վտանգը ճանաչվում և զսպվում է մինչև անդառնալի հետևանքը։ Հենց այդ պատճառով արդյունավետ ոստիկանությունը միայն կատարվածին արձագանքող համակարգ չէ։ Շատ երկրներում համայնքային ոստիկանությունը, միջնորդությունը և կրկնվող բռնության ռիսկի գնահատումը թույլ են տալիս կենցաղային ու հարևանական վեճը ճանաչել որպես հնարավոր հաջորդ հանցագործության նախազգուշացում։ Եթե առավոտյան տեղի ունեցած լուրջ բախումից ժամեր անց նույն հակամարտությունը կարող է վերսկսվել և ավարտվել մարդու մահով, պետության համար անխուսափելի հարց է առաջանում․ առաջին բախումն արդյո՞ք արդեն այն ազդանշանը չէր, որից հետո հնարավոր եւ անհրաժեշտ էր կանխել երկրորդը ։ Սա հատկապես կարևոր հարց է այս պատմության մեջ։ Հարևանների պատմածով՝ առավոտյան արդեն եղել է բախում, մարդիկ միջամտել և բաժանել են կողմերին։ Հինգ-վեց ժամ անց նրանք կրկին բախվել են։ Եթե քննությունը հաստատի այս հաջորդականությունը, պետք է պարզել ոչ միայն, թե ով է սպանել Միշա Սիմոնյանին, այլև՝ առաջին միջադեպից հետո պետական որևէ մարմին տեղեկացվա՞ծ էր, գնահատվե՞լ էր շարունակվող վտանգը, և հնարավո՞ր էր կանխել երեկոյան ողբերգությունը։ Սա պետության կարողության քննություն է։ Գյումրիի ողբերգությունից հետո պետության անելիքը չի կարող սահմանափակվել հանցագործության բացահայտմամբ և մեղավորին պատասխանատվության ենթարկելով։ Անհրաժեշտ է պատասխանել ավելի խորքային հարցի՝ ինչո՞ւ են սովորական կենցաղային, հարևանական կամ ճանապարհային վեճերը երբեմն վերածվում ծանր բռնության, և ինչպե՞ս կարող է պետությունը վտանգը ճանաչել ու կանխել մինչև այն անդառնալի հետևանք ունենա ։Պետությունը պետք է կարողանա ոչ միայն բացահայտել հանցագործությունը, այլև ճանաչել վտանգը մինչև այն անդառնալի դառնալը։ Ոստիկանությանը անհրաժեշտ են կրկնվող բռնության ռիսկը գնահատելու գործիքներ, դպրոցին՝ վեճը առանց բռնության լուծելու մշակույթ, համայնքին՝ միջնորդության մեխանիզմներ։ Իսկ եկեղեցու բարոյական ներկայությունը պետք է զգացվի ոչ միայն տաճարում ու քարոզում, այլև հասարակության առօրյա վարքում։ Բայց պետությունը չի կարող օրենքով սահմանել այն բարոյական սահմանները, որոնք նախ պետք է գոյություն ունենան հասարակության ներսում։ Մենք ինքներս պետք է հաղթահարենք այն մտածողությունը, որը զիջումը շփոթում է թուլության, ինքնատիրապետումը՝ վախկոտության, իսկ բռնությունը՝ արժանապատվության հետ։ Երբ «պատվի հարցը» դառնում է ուժ գործադրելու արդարացում, վտանգված է արդեն ոչ միայն մեկ մարդու կյանքը, այլև հասարակության՝ խաղաղ համակեցության կարողությունը։ Կարող էր չպատասխանել։ Կարող էր հեռանալ։ Կարող էր դիմել օրենքին։ Քաղաքակիրթ հասարակությունը հենց այդ ընտրության վրա է կառուցվում։ Գյումրիում կայանատեղին ընդամենը առիթ էր։ Իրական խնդիրը շատ ավելի խորն է՝ զայրույթը կառավարելու անկարողությունը, բռնության նկատմամբ հանդուրժողականությունը և այն վտանգավոր համոզմունքը, թե ուժով կարելի է լուծել այն, ինչ հնարավոր չեղավ լուծել խոսքով ։ Եթե այս ողբերգությունից հետո սահմանափակվենք միայն մի մարդու քրեական պատասխանատվությամբ, կպատժենք հետևանքը՝ առանց հասկանալու պատճառը։ Այդ դեպքում վաղը մեկ այլ կայանատեղի, ճանապարհային վեճ կամ պատահական վիրավորանք կարող է նույն ճանապարհն անցնել։ Քրիստոնեական արժեքների և պետականության իրական չափումը վերջապես շատ պարզ է՝ կարողանո՞ւմ ենք կառուցել հասարակություն, որտեղ մարդկային կյանքը ցանկացած վիրավորանքից, վեճից ու ինքնասիրությունից բարձր արժեք է ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13189

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով