ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին միջուկային վառելիք մատակարարել, եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից։ Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նրա խոսքով՝ Իրանը կարող է անհրաժեշտ միջուկային վառելիքը ստանալ արտերկրից՝ միաժամանակ դադարեցնելով սեփական հարստացման աշխատանքները։ Ռայթը նշել է, որ նման քայլը Թեհրանին հնարավորություն կտա վերադառնալ միջազգային հանրության հետ համագործակցության և նպաստել տարածաշրջանում խաղաղության ու տնտեսական զարգացմանը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարը նաև հայտարարել է, որ եթե Իրանը մերժի Վաշինգտոնի առաջարկը և շարունակի միջուկային զենք ստեղծելու գաղտնի ծրագիրը, ԱՄՆ-ը պատրաստ կլինի հակազդել ռազմական միջոցներով։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար նախընտրելի տարբերակը շարունակում է մնալ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը։ Ռայթը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը գրեթե ավարտել է ուրանի սեփական մատակարարման շղթայի ձևավորումը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը վերջնականացնում է ուրանի արտադրության և գործընկեր երկրների հետ համագործակցության ոլորտում երկարաժամկետ պայմանագրերը։ Միաժամանակ, Վաշինգտոնին մտահոգում է Իրանում միջազգային տեսուչների բացակայությունը, որոնք պետք է վերահսկեն երկրի ուրանի պաշարների գտնվելու վայրը և դրանց օգտագործումը։ Ավելի վաղ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանի Քիրքա լեռան շրջանում գտնվող միջուկային օբյեկտում արձանագրվել է ակտիվություն։



