Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները սեպտեմբերի 14-ին հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշաիտ շրջանում գտնվող «Խալիդ արքա» ավիաբազայում իրականացրել են լայնածավալ ռազմական գործողություն՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի վերջին ագրեսիվ գործողությունների։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ «Եմենի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների անգարները, ռադարները, թռիչքուղիները, զինամթերքի պահեստները և Խամիս Մուշաիտում գտնվող «Խալիդ արքա» ավիաբազայի այլ թիրախներ», – հայտարարել է հութիների խոսնակ Յահյա Սարին։ Հայտարարության մեջ նշվել է, որ գործողությունն իրականացվել է տասնյակ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, և որ գործողությունը զգալի վնասներ է պատճառել բազային։ Նշվել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից իրենց երկրի ու ժողովրդի դեմ ուղղված ագրեսիայի, ինչպես նաև վերջին հինգ օրերի ընթացքում F-15 և Typhoon կործանիչների միջոցով Թագավորության կողմից իրականացված ավելի քան 300 ավիահարվածների։ Խոսնակը հայտնել է, որ Եմենի ուժերը կշարունակեն իրենց ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ, քանի դեռ «Թագավորությունը շարունակում է իր ագրեսիան Եմենի դեմ»։



