Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Վարչապետն ընդգծել Հայաստան–Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։



