Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ գործընկերության ամրապնդման և ընդլայնման համար հիմք է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը։ Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։



