Հայաստանի Ազգային ժողովում կառավարության անդամների երդման նոր տեքստի քննարկումը վերածվել է շատ ավելի լայն հարցի՝ ինչի՞ն է առաջին հերթին երդվում Հայաստանի Հանրապետության պաշտոնյան՝ ազգային ընդհանրությա՞նը, թե՞ պետությանը ։ Նոր տեքստում «համազգային նպատակների», «հայրենիքի հզորացման» և «ժողովրդի առջև ունեցած պարտավորությունների» ձևակերպումներին փոխարինում են Հայաստանի Հանրապետության հարատևությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, պետական շահն ու սահմանադրական կարգը։ Ամռանն արդեն նույն տրամաբանությամբ վերաձևակերպվել էր պատգամավորների երդումը։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ազգային բառապաշարի նահանջ։ Իրականում փոփոխության հիմքում շատ ավելի կարևոր գաղափար կա՝ պետական պաշտոնյայի հավատարմության հասցեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը ։ Սա բառերի փոփոխություն չէ։ Սա պետական հասունացման փորձ է։ «Հայրենիքը» պատմական, մշակութային և զգացական հասկացություն է։ Տարբեր հայերի համար այն կարող է ներառել տարբեր աշխարհագրություններ, հիշողություններ և պատմական փորձառություններ։ «Համազգային նպատակները» նույնպես իրավական կատեգորիա չեն։ Ո՞վ է դրանք սահմանում։ Հայաստանի քաղաքացինե՞րը, աշխարհասփյուռ հայությո՞ւնը, եկեղեցի՞ն, քաղաքական կուսակցություննե՞րը։ Պետական պաշտոնյան, մինչդեռ, չի կարող երդվել անորոշ քաղաքական աշխարհագրության կամ չսահմանված հավաքական նպատակի անունից։ Նա իշխանություն է ստանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, տնօրինում է Հայաստանի Հանրապետության ռեսուրսները և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև։ Այդ պատճառով «Հայաստանի Հանրապետություն», «ինքնիշխանություն», «պետական շահ» և «սահմանադրական կարգ» հասկացությունների տեղափոխումը երդման կենտրոն ոչ թե ազգային ինքնությունից հրաժարում է, այլ պետության և պատմական հիշողության միջև սահմանների ճշգրտում ։ Եվ Հայաստանը դրա կարիքն ունի։ Մենք երկար ժամանակ ազգայինը և պետականը գրեթե նույնացրել ենք։ Պատմական արդարությունը երբեմն շփոթել ենք արտաքին քաղաքական նպատակի, ազգային ցանկությունը՝ պետական շահի, իսկ հիշողությունը՝ ռազմավարության հետ։ Բայց պետությունները գոյատևում են ոչ թե իրենց հիշողությունը մոռանալով, այլ հասկանալով, թե որտեղ է ավարտվում հիշողությունը և սկսվում պետական պատասխանատվությունը։ Եվրոպայի պատմությունն այդ անցումը կատարել է վաղուց։ Ֆրանսիան կարող է հպարտանալ իր քաղաքակրթական պատմությամբ, Լեհաստանը՝ իր կորցրած տարածքների հիշողությամբ, Հունաստանը՝ Բյուզանդիայի ժառանգությամբ։ Բայց նրանց նախարարները կառավարում են գոյություն ունեցող հանրապետությունների սահմաններում։ Պատմությունը ձևավորում է ինքնությունը, պետությունը՝ քաղաքականությունը ։ Հայաստանի համար այս տարբերակումը հատկապես կարևոր է հիմա, երբ երկրի անվտանգությունը մեծապես կախված է ինքնիշխանության, ճանաչված սահմանների և միջազգային իրավունքի վրա կառուցված արտաքին քաղաքականությունից։ Եթե Հայաստանը պահանջում է, որ ուրիշներն անվերապահորեն հարգեն իր տարածքային ամբողջականությունը, ապա իր քաղաքական մտածողության և պետական գործունեության առանցքում նույնպես պետք է դնի Հայաստանի Հանրապետությունը ։ Սակայն այստեղ պետք է կանգ առնել նաև մյուս ծայրահեղության առաջ։ Պետականակենտրոն լինելը չի ենթադրում հրաժարվել ազգային ինքնությունից․ «Հայրենիքը», «ազգը» և «ժողովուրդը» պետության մրցակիցները չեն, այլ նրա պատմական ու հասարակական հիմքը։ Հանրապետությունն ուժեղանում է ոչ թե այդ կապերը թուլացնելով, այլ դրանք ժամանակակից պետականության ուժի վերածելով ։ Հակառակը՝ ուժեղ պետությունը կարողանում է դրանք տեղավորել իր ներսում։ Ֆրանսիական Հանրապետությունը քաղաքացուն դրեց քաղաքական համակարգի կենտրոնում, բայց չվերացրեց patrie -ն՝ հայրենիքը։ Ամերիկյան սահմանադրական համակարգը կառուցվեց քաղաքացիության վրա, բայց ամերիկյան հանրային լեզուն լի է ժողովրդի, հայրենիքի և ազգային պատմության հիշատակումներով։ Ուրեմն ընտրությունը «պետությո՞ւն, թե՞ հայրենիք» չէ։ Ճիշտ ընտրությունը շատ ավելի հասուն է՝ հայրենիքը՝ որպես պատկանելություն, Հանրապետությունը՝ որպես քաղաքական պատասխանատվություն ։ Այդ պատճառով երդման փոփոխությունը հիմնավորված և անհրաժեշտ քայլ է , քանի որ պետական պաշտոնյայի հանձնառությունը հստակ կապում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական շահի և սահմանադրական կարգի հետ։ Բայց պետական մտածողության այս տրամաբանությունը այս տրամաբանությունը չպետք է վերածվի ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը պետությանը հակադրելու գաղափարական ծայրահեղության։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե նվազ ազգային ինքնություն, այլ ավելի հասուն պետական գիտակցություն ։ Եվ այս բանավեճի իրական իմաստը թերևս հենց սա է։ Մենք երկար ժամանակ պետությունը դիտել ենք մեր պատմական հայրենիքի գաղափարի շարունակության մեջ։ Այսօր խնդիրը հակառակը չէ՝ հրաժարվել պատմությունից, այլ պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը վերածել գործող պետության ուժի՝ ինքնիշխան, սահմանադրական և կենսունակ Հայաստանի Հանրապետության ։ Որովհետև մեր ժամանակներում փոքր ժողովուրդների պատմական հիշողության ամենահուսալի պահապանը ոչ թե ամենաբարձր հնչող ազգային բառապաշարն է, այլ ուժեղ պետությունը։ Հայրենիքը հիշողություն և պատկանելություն է։ Հանրապետությունը՝ այդ հայրենիքը պաշտպանելու քաղաքական կարողությունը։



