Չինաստանը հանդես է գալիս ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման ջանքերի օգտին և երկխոսությունը համարում է միակ հնարավոր լուծումը: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը: «Չինաստանը մշտապես կարծում է, որ երկխոսությունը և բանակցությունները միակ հնարավոր ելքն են ճգնաժամից: Մենք հավանություն ենք տալիս այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության հասնելուն», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են առաջարկել իրենց ծառայություններն ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերի շուրջ «հետևողական է և հստակ»:



