Գանձասարի շուրջ տեղի ունեցածը միայն պատմության կեղծման խնդիր չէ։ Այստեղ արդեն պետք է պարզել՝ պատմական ինքնության պետականորեն կազմակերպված վերագրումը որտե՞ղ է դադարում քարոզչություն լինելուց և դառնում միջազգային իրավունքի խնդիր, իսկ դրա փաստագրումը՝ միջազգային դատավարությունում օգտագործելի ապացույց։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը։ Բայց պատմական կեղծիքն ինքնին դատարանը իրավախախտում չի որակել։ Հետևաբար էական հարցն այն է՝ կարո՞ղ է Գանձասարի հայկական ինքնության պետական ժխտումը, հայկական ժառանգության ոչնչացման, փոփոխման և վերագրման մյուս փաստերի հետ միասին, վկայել հետևողական պետական քաղաքականության մասին և ձեռք բերել իրավական ապացույցի արժեք։ Այստեղից էլ՝ ավելի բարդ հարցը. որքա՞ն հեռու կարող է գնալ միջազգային իրավունքը։ Այն կարող է պարտավորություններ սահմանել և խախտումներ արձանագրել, բայց դրանց կատարումն ապահովելու հնարավորությունները սահմանափակ են։ Միաժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղություն է կառուցում։ Ուրեմն ինչպե՞ս օգտագործել միջազգային իրավունքի հնարավորությունները՝ առանց գերագնահատելու նրա ուժը, և ինչպե՞ս պաշտպանել հայկական ժառանգությունը՝ առանց այդ պայքարը խաղաղության գործընթացին հակադրելու։ Ինչպե՞ս պաշտպանել պատմությունը՝ առանց խաղաղությունը զոհաբերելու, և ինչպե՞ս կառուցել խաղաղություն՝ առանց պատմությունը հանձնելու։ Այս մասին այսօր խոսում ենք իրավաբան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



