Պատերազմների պատմությունը գրվում է ոչ միայն ռազմաճակատում։ Երբեմն ամենակարևոր ազդանշանները գալիս են օդանավակայաններից, անշարժ գույքի շուկայից և միակողմանի ավիատոմսերի վաճառքից։ Ռուսաստանում նոր զորահավաքի հավանականությունը դեռ ենթադրությունների դաշտում է, սակայն դրա սպասումն արդեն ազդում է մարդկանց վարքագծի վրա։ Ֆրանսիական Le Monde-ի հաղորդմամբ՝ զինապարտ տարիքի ռուսաստանցիների շրջանում կրկին աճում է երկիրը լքելու պատրաստակամությունը, իսկ Հայաստանը, Վրաստանն ու Սերբիան հայտնվել են նախընտրելի ուղղությունների շարքում․ ոմանք նույնիսկ նախապես ավիատոմսեր են ձեռք բերում՝ պատրաստվելով սեպտեմբերի 18-20-ի Պետդումայի ընտրություններից հետո հնարավոր զարգացումներին։ Հայաստանի համար սա դեռ նոր ներհոսքի սկիզբ չէ, բայց արդեն զարգացման հավանական սցենար է, որին պետությունը պետք է պատրաստ լինի նախապես ։ Այս ֆոնին նոր իմաստ է ստանում նաև Ալեն Սիմոնյանի՝ «Դոժդին» տված հարցազրույցը։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ հնարավոր նոր զորահավաքից խուսափող ռուսաստանցիների մուտքը Հայաստան չի սահմանափակվի, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց կօգնեն։ Մոսկվայի արձագանքը կոշտ էր․ Մարիա Զախարովան այդ հայտարարությունը «սադրիչ» անվանեց՝ հնարավոր զորահավաքի մասին խոսակցությունները ներկայացնելով որպես անհիմն շահարկում։ Այժմ, սակայն, Le Monde-ն արձանագրում է արդեն ոչ թե Երևանի հայտարարությունը, այլ հենց ռուսաստանցիների վարքագիծը՝ աճող հետաքրքրություն արտագաղթի նկատմամբ և Հայաստանը՝ նախընտրելի ուղղությունների շարքում։ Երբ պաշտոնական հերքումների կողքին մարդիկ սկսում են ավիատոմս գնել, քաղաքական ազդանշանը գալիս է արդեն ոչ թե հայտարարություններից, այլ նրանց վարքագծից։ 2022 թվականի աշնանը Ռուսաստանում հայտարարված զորահավաքը ցույց տվեց, թե որքան արագ կարող են այդ երկրի ներքին քաղաքական ցնցումները փոխել Հայաստանի տնտեսական առօրյան։ Ընդամենը մի քանի շաբաթում ռուսաստանցիների ներհոսքը մեծացրեց բնակարանների պահանջարկը, աշխուժացրեց ծառայությունների ու բանկային ոլորտները և նոր մարդկային ու ֆինանսական ռեսուրս բերեց տեխնոլոգիական հատված։ Այդ հոսքը սովորական միգրացիա չէր։ Հայաստան եկան հիմնականում աշխատունակ, մասնագիտական հմտություններ և կապիտալ ունեցող մարդիկ՝ տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներ, ձեռնարկատերեր ու բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանց ներկայությունը մի կողմից նոր պահանջարկ, կապիտալ և մարդկային ռեսուրս բերեց տնտեսություն, մյուս կողմից՝ կտրուկ մեծացրեց ճնշումը բնակարանային շուկայի և քաղաքային ծառայությունների վրա։ Հայաստանը միաժամանակ ստացավ տնտեսական հնարավորություն և դրա սոցիալական գինը։ Հնարավոր նոր հոսքը, սակայն, կարող է էապես տարբերվել 2022-ի առաջին ալիքից։ Այն ժամանակ շատերի համար Հայաստանը ժամանակավոր հանգրվան էր՝ մինչև պատերազմի ավարտը կամ Ռուսաստան վերադառնալու հնարավորությունը։ Չորս տարի անց պատերազմի արագ ավարտի սպասումը գրեթե վերացել է։ Հետևաբար նոր եկողները կարող են Հայաստանն ընտրել արդեն ոչ թե որպես տարանցիկ կանգառ, այլ որպես ապրելու, աշխատելու և բիզնես կառուցելու ավելի երկարաժամկետ վայր։ Սա արդեն կարճատև ներհոսք չէ, այլ Հայաստանի համար տնտեսական և ժողովրդագրական նոր հնարավորություն ու մարտահրավեր։ Այստեղ Հայաստանի համար շատ ավելի կարևոր հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք հնարավոր նոր ներհոսքը կարճաժամկետ տնտեսական աշխուժությունից վերածել երկարաժամկետ զարգացման հնարավորության ։ Եթե Ռուսաստանից նոր հոսք սկսվի, դրա արդյունքը չպետք է գնահատել միայն բնակարանների գներով, հյուրանոցների զբաղվածությամբ կամ կարճաժամկետ տնտեսական աճով։ Հայաստանի խնդիրը շատ ավելի մեծ է՝ այստեղ պահել բարձր որակավորում ունեցող մասնագետներին, նրանց գիտելիքն ու կապիտալը վերածել նոր բիզնեսների, ներդրումների և աշխատատեղերի՝ միաժամանակ կառավարելով բնակարանային շուկայի ու սոցիալական ենթակառուցվածքների վրա աճող ճնշումը։ Այդ դեպքում ուրիշի ճգնաժամից ծնված ներհոսքը Հայաստանի համար կարող է վերածվել սեփական զարգացման հնարավորության , ո րովհետև յուրաքանչյուր ներգաղթի ալիք ունի երկու հաշվեկշիռ։ Մեկը չափվում է դրամով՝ սպառում, հարկեր, ներդրումներ։ Մյուսը՝ պետության կարողությամբ՝ ենթակառուցվածքներ, բնակարաններ, դպրոցներ, հասարակական ինտեգրում և անվտանգություն։ Հայաստանը չի կարող ազդել Կրեմլի՝ նոր զորահավաք հայտարարելու որոշման վրա։ Բայց կարող է և պետք է պատրաստ լինի դրա հնարավոր հետևանքներին, եթե հազարավոր ռուսաստանցիներ կրկին Հայաստանը դիտարկեն որպես առաջին ուղղություններից մեկը։ Այս իմաստով Le Monde-ի հրապարակումը դեռ զանգվածային նոր հոսքի մասին լուր չէ։ Այն վաղ ազդանշան է, որը հնարավորություն է տալիս նախապես հաշվարկել հնարավոր տնտեսական ու սոցիալական հետևանքները և պատրաստել դրանց արձագանքը։ Պետության կարողությունը ապագան գուշակելու մեջ չէ, այլ հնարավոր զարգացումներին ժամանակին պատրաստ լինելու։



