«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կանցկացնի «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (European Researchers’ Night in Armenia) միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Առաջին անգամ Հայաստանում և միաժամանակ 40 երկրներում անցկացվող այս միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում և իրականացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: ERNA-ի նպատակն է գիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր՝ բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար՝ բացահայտելով, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և ոգեշնչում գտնել վաղվա օրվա լուծումները։ Անմիջական երկխոսություն ստեղծելով հետազոտողների և հասարակության միջև՝ նախագիծը խթանում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը և մեծացնում վստահությունը գիտության հանդեպ՝ միևնույն ժամանակ խրախուսելով երիտասարդներին իրենց ապագան կապել հետազոտությունների և նորարարությունների ոլորտի հետ։ Հայաստանի երեք քաղաքներում կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով: Ցուցահանդեսները կհամախմբեն հետազոտողներին և քաղաքացիներին: «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) նախագիծը հանդիսանում է «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասը, որը գիտության հանրայնացման ամենամեծ նախագծերից է Եվրոպայում: Ամեն տարի «Եվրոպական հետազոտողների գիշեր» է կազմակերպվում միաժամանակ Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քաղաքներում։ Ցուցահանդեսի գրանցման հղում (ոչ պարտադիր)՝ https://forms.gle/UqQhb3vbCLfPLnp96: Միջոցառումների օրակարգը կցվում է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13255

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով