Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18-20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կինոփառատոնը կազմակերպում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը։ Նպատակն է խթանել Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների միջև մասնագիտական և ստեղծագործական համագործակցությունը, նպաստել փորձի փոխանակմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը և համատեղ կինոնախագծերի զարգացմանը։ Այն միաժամանակ կանդրադառնա ժամանակակից կինեմատոգրաֆիայում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։ 30 կարճամետրաժ ֆիլմ՝ Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչներից Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 30 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնցից 14-ը ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրները, իսկ 16-ը՝ Հայաստանը։ Միջազգային ծրագրում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդ կինոգործիչների աշխատանքները։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու երիտասարդ կինոգործիչների լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի նոր սերնդի ստեղծագործական մոտեցումներին։ Մրցանակներ և մասնագիտական ծրագիր Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին։ Մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ֆիլմ Լավագույն ռեժիսոր Ժյուրիի հատուկ մրցանակ Ժյուրիի հատուկ հիշատակում Կինոփառատոնի մասնագիտական ծրագրում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված համատեղ ֆիլմարտադրության զարգացման հնարավորություններին և ժամանակակից կինեմատոգրաֆիայում արհեստական բանականության ազդեցությանը։ Նախատեսված են նաև ԱՊՀ անդամ երկրների կինոյի վարպետների հետահայաց ցուցադրություններ, որոնք հնարավորություն կտան հանդիսատեսին անդրադառնալու տարածաշրջանի կինոյի կարևոր էջերին և դասական կինոլեզվին։ Փառատոնը՝ Մեղրիում «Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։ Սեպտեմբերի 19-20-ը կինոցուցադրությունները, մասնագիտական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվեն «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնում: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Մեղրիի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երեք օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու ժամանակակից կինոյի լավագույն կարճամետրաժ աշխատանքները, հանդիպելու տարբեր երկրներից ժամանած կինոգործիչների հետ և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ ստեղծագործողների նոր աշխատանքներին։ Մշակույթը՝ որպես համագործակցության և զարգացման հարթակ Կինոփառատոնի նպատակն է ոչ միայն ներկայացնել ժամանակակից կինոն, այլև մշակույթը դարձնել միջազգային համագործակցության, մասնագիտական կապերի և նոր նախաձեռնությունների ձևավորման գործիք։ Փառատոնի աջակիցներն են Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և «Դարկ» ընկերությունը։ Փառատոնի ծրագիր՝ այստեղ: Մրցութային ծրագրի ֆիլմերի հոլովակ: Մրցութային ծրագրի մասնակիցների վերաբերյալ հոլովակ` այստեղ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13255

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով