Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը, որ սեպտեմբերի 16-ին արել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության վիճակի մասին իր ամենամյա ելույթում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Եվրախորհրդարանում ելույթում Քարնին այդ առաջարկը որակել է որպես «եզակի ու դրական մոտեցում, որը մենք միասին կձևավորենք»։ Նա ընդգծել է Կանադայի և ԵՄ-ի միջև առկա սերտ պատմական կապերը՝ շեշտելով, որ կողմերն այնպիսի դաշնակիցներ չեն, որոնք գործակցում են «միայն բարենպաստ պայմաններում»։ Քարնին նշել է, որ կանադացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը: «Կանադա-ԵՄ դաշինքը փարոս կդառնա այլ ժողովրդավարությունների համար», – ասել է Քարնին՝ հավելելով, որ այդ դաշինքը կբնորոշվի նրանով, թե ինչին է այն հակադրվում և ինչի կողմնակից է՝ թվարկելով ազատությունը, համերաշխությունն ու կայունությունը։ «Կանադան և Եվրոպան յուրաքանչյուրն էլ ուժեղ են: Եվրոպան և Կանադան միասին ավելի ուժեղ են», – ընդգծել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարն անվանել էր «ծիծաղելի»՝ դա բնութագրելով որպես «թշնամական գործողություն»: Նա սպառնացել էր դրան ի պատասխան Եվրամիության նկատմամբ լուրջ մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև որոշակի ոլորտներում դադարեցնել առևտուրը: Անդրադառնալով այս սպառնալիքներին՝ Մարկ Քարնին նշել է, որ մաքսատուրքերն օգտագործվում են որպես ճնշում գործադրելու գործիք: Ելույթից հետո մամուլի ասուլիսում Քարնիին խնդրել են մեկնաբանել Թրամփի հայտարարությունները: «Այս դաշինքը դրական գործընթաց է, դա է իմ պատասխանն ԱՄՆ նախագահին», – ասել է Քարնին՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող իրենց թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել: Քարնին նաև նշել է, որ Կանադան չի ձգտում դառնալ Եվրամիության լիարժեք անդամ, և այս նախաձեռնությունն «այլ շրջանակ» է: Վարչապետը հավելել է, որ Եվրոպայի և Կանադայի միջև սերտ գործընկերությունը «որևէ այլ բանի արձագանք չէ», այլ «դեպի ապագա շարժվելու» գործընթաց։



