Պաշտոնը բարեգործություն չէ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են Անկախության օրվա առիթով ստացած պարգևավճարները փոխանցել Տիգրանաշենի կարիքներին։ Նարեկ Կարապետյանը նախաձեռնությունը ձևակերպել է «Զարգացում, այլ ոչ թե հանձնում» կարգախոսով։ Ավելի վաղ նա հայտարարել էր նաև խմբակցության՝ պարգևավճարներից հրաժարվելու մասին։ Ստացած գումարը պատգամավորի սեփականությունն է, և նա ազատ է այն տնօրինելու իր հայեցողությամբ։ Բայց այս պատմության քաղաքական իմաստը գումարի ճակատագիրը չէ։ Խոսքը պետական պաշտոնի ընկալման մասին է։ Պատգամավորի աշխատավարձն ու պարգևավճարը բարեգործության միջոց չեն։ Դրանք հանրային աշխատանքի դիմաց պետության վճարած վարձատրությունն են։ Պարգևատրումն էլ իր իմաստով ծառայողական աշխատանքի գնահատման գործիք է և պետք է կապված լինի աշխատանքի, պատասխանատվության ու արդյունքի հետ։ Այստեղ սկզբունքն ավելի կարևոր է, քան որևէ կոնկրետ գումար։ Պետական պաշտոնյային պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը՝ հարկատուի միջոցներով։ Նրա վարձատրությունը պետք է լինի հրապարակային, կանխատեսելի և ամբողջությամբ հաշվետու։ Հենց այդ մեխանիզմն է պաշտոնյայի ֆինանսական անկախությունը կապում պետության, իսկ պատասխանատվությունը՝ քաղաքացու հետ։ Սա ժողովրդավարական կառավարման ամենապարզ, բայց ամենակարևոր պաշտպանական մեխանիզմներից մեկն է։ Մեծահարուստ պաշտոնյան կարող է աշխատել մեկ դրամով։ Միլիոնատերը կարող է հրաժարվել աշխատավարձից։ Պատգամավորը կարող է պետական վճարումը վերցնել և բաժանել բարեգործության։ Արտաքինից դա կարող է անձնական զոհողության տպավորություն ստեղծել։ Ինստիտուցիոնալ մակարդակում առաջանում է շատ ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ պետության անունից գործող մարդը պետք է իր տնտեսական անկախությունը կառուցի սեփական հարստության վրա ։ Սամվել Կարապետյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ վարչապետ դառնալու դեպքում իր ամսական աշխատավարձը կազմելու է մեկ դրամ: Այսինքն՝ «մեկ դրամ աշխատավարձի» գաղափարը եղել է նրա հրապարակային քաղաքական խոստման մասը։ Այստեղ էլ խնդիրը մեկ դրամը չէ։ Ժողովրդավարական կառավարման ամբողջ տրամաբանությունը կառուցված է այն մտքի վրա, որ պաշտոնը սեփական միջոցներով պահվող զբաղմունք չէ։ Պետությունը վճարում է իր ծառայողին և դրա դիմաց պահանջում ամբողջական հաշվետվողականություն։ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան պատահական չի ընդգծում հանրային ծառայողների համարժեք վարձատրությունն ու արդար վճարման համակարգերը․ դրանք դիտարկվում են նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք։ Սա Հայաստանի համար հատկապես կարևոր հարց է։ Հայաստանի քաղաքական կյանքում անձնական հովանավորության մշակույթը երկար պատմություն ունի։ Մեծահարուստը ֆինանսավորում է քաղաքական ուժը, պահում կառույցը, հոգում առանձին համայնքների խնդիրները, ճանապարհ կառուցում, աջակցություն բաժանում։ Այդ պահին պետական քաղաքականության և անձնական բարեգործության սահմանը սկսում է լղոզվել։ Քաղաքագիտության մեջ սա պատրոնաժ է՝ համակարգ, որի ներսում հանրային ծառայությունը կապվում է կոնկրետ անձի հնարավորությունների ու ցանկության հետ։ Քաղաքացին աստիճանաբար սկսում է պետությունից ակնկալվողը վերագրել ազդեցիկ անհատի շնորհին, իսկ դրա հետ միասին թուլանում է պետության հանդեպ պահանջատիրությունն ու պաշտոնյայի հաշվետվողականությունը։ Պաշտոնյան պետք է կարողանա ասել՝ ինձ վճարում է Հայաստանի քաղաքացին ։ Ռուսաստանը չի վճարում, մեծահարուստը չի վճարում, ինչ որ մեկի ընտանեկան բիզնեսը չի վճարում, անձնական կարողությունը չի վճարում։ Վճարում է հանրապետությունը՝ հարկատուի անունից։ Այդ հարաբերությունն է պաշտոնյային կապում քաղաքացու հետ։ Տիգրանաշենի դեպքում կա նաև երկրորդ խնդիրը։ Տարածքի ապագան այսօր սահմանազատման քաղաքական բանավեճի ամենազգայուն թեմաներից է։ Վարչապետը սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Տիգրանաշենի վերաբերյալ կոնկրետ համաձայնություն այս պահին չկա, իսկ սահմանազատման վերջնական արդյունքը դեռ ձևավորված չէ։ Այդ պայմաններում պատգամավորական պարգևավճարները Տիգրանաշեն ուղղելը բնականաբար ստանում է նաև քաղաքական խորհրդանիշի նշանակություն։ Դա այլևս պարզապես բարեգործություն չէ՝ այն միանում է խմբակցության «Զարգացում, այլ ոչ թե հանձնում» քաղաքական ուղերձին։ Հենց այդ պատճառով էլ հանրային հաշվետվողականության պահանջը կրկնապատկվում է։ Եթե Տիգրանաշենն ունի զարգացման խնդիրներ, Ազգային ժողովի պատգամավորն ունի շատ ավելի հզոր գործիքներ՝ պետական բյուջե, օրենսդրություն, վերահսկողական լիազորություններ, հարցապնդումներ, ծրագրերի գնահատում, կառավարության նկատմամբ քաղաքական վերահսկողություն։ Պարգևավճարի փոխանցումը կարող է օգնել մի քանի կոնկրետ հարց լուծել։ Այն չի կարող փոխարինել պետական քաղաքականությանը։ Եվ այստեղ է ամբողջ պատմության ամենակարևոր սահմանը։ Հայաստանին պետք չեն պաշտոնյաներ, որոնց միակ արժեքը սեփական հարստությունն է։ Հայաստանին պետք են ինստիտուտներ, որոնք պետական ծառայողին արժանապատիվ վարձատրում են, այդ վարձատրությունը դարձնում ամբողջությամբ թափանցիկ և դրա դիմաց պահանջում հստակ պատասխանատվություն։ Պաշտոնի արժանապատվությունը չի չափվում մեկ դրամ աշխատավարձով՝ այն ապահովվում է պետական վարձատրությամբ, մասնավոր շահերից անկախությամբ և հանրության առաջ լիարժեք հաշվետվողականությամբ։ Այդ սկզբունքի ամենապարզ ձևակերպումը սա է․ պաշտոնյային վճարում է Հայաստանի քաղաքացին, և պաշտոնյան պատասխանատու է Հայաստանի քաղաքացու առաջ ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13743

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով