Պետության զավթման մասին խոսքը իրավական շարունակություն է պահանջում

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի հաղորդման քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ի ընտրությունները բնորոշեց որպես «պետության զավթման փորձ»։ Նրա խոսքով՝ այդ նպատակով օգտագործվել են ֆինանսական ազդեցություն, կիբեռվտանգներ և ապատեղեկատվություն։ Այս ձևակերպումը Հայաստանի քաղաքական բառապաշարում նոր չէ։ Նույն խնդրի մասին տարիներ շարունակ խոսել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ՝ այն կապելով պետական ինստիտուտների կուսակցականացման, ընտրական համակարգի խեղման և տնտեսական ռեսուրսի քաղաքական իշխանության վերածելու հետ։ 2018-ից հետո այդ պատմությանը ամբողջական քաղաքական և իրավական գնահատական չտրվեց։ Ընտրությունների կեղծման, պետական ռեսուրսի կուսակցական օգտագործման, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, Մարտի 1-ի և իշխանության վերարտադրության տարիներով գործող մեխանիզմների հարցերը մնացին առանձին քրեական գործերի ու բացառապես քաղաքական հայտարարությունների մակարդակում։ Պետության զավթման քաղաքական ու իրավական գնահատականը պետք է դառնար հետհեղափոխական Հայաստանի պետական համակարգի ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության հիմքը։ Հետպատերազմյան Գերմանիայում դենացիֆիկացիան այդ խնդրի ամենածայրահեղ պատմական օրինակն էր։ Կենտրոնական Եվրոպայի երկրները կոմունիզմի անկումից հետո ընտրեցին լյուստրացիայի տարբեր ճանապարհներ։ Նպատակը պետական համակարգը նախկին ռեպրեսիվ ցանցերի շարունակական ազդեցությունից ազատելն էր։ Եվրոպական իրավունքը հետագայում այդ փորձից նաև կարևոր սահման ձևակերպեց՝ պատասխանատվությունը պետք է լինի անհատական, ապացուցված և դատական վերահսկողության ենթակա։ Հայաստանի համար 2018-ից հետո չարված աշխատանքի էությունն այստեղ է։ Նախկին համակարգի քաղաքական գնահատականը կարող էր ստեղծել հստակ ինստիտուցիոնալ հիշողություն՝ փաստագրել ընտրական կեղծարարության մեխանիզմները, պետական և մասնավոր ռեսուրսների միաձուլումը, ապօրինի ֆինանսավորման աղբյուրները և դրանց պատասխանատուներին։ Այդ դեպքում նախկին համակարգերի վերարտադրությունը նոր անուններով կամ նոր քաղաքական ձևաչափերով շատ ավելի դժվար կլիներ։ Սա մարդկանց քաղաքական իրավունքների ինքնաբերական վերացում չէր ենթադրում։ Այն ենթադրում էր փաստերի ամբողջական բացահայտում և դրանցից բխող իրավական հետևանքներ։ Հունիսի 7-ի ընտրությունները նորից օրակարգ բերեցին 2018-ից հետո անպատասխան մնացած հարցը՝ նախկին համակարգի քաղաքական և իրավական գնահատականը։ Այդ գնահատականի բացակայությունը նախկին համակարգի բազմաթիվ դերակատարների հնարավորություն տվեց շարունակել քաղաքական գործունեությունը՝ հին կամ նոր անուններով։ Խնդիրը կոնկրետ անձանց և ուժերի ընտրություններին մասնակցելու իրավունքը պարզապես վիճարկելը չէ։ Խնդիրը պետության չարած աշխատանքն է։ Եթե տարիներ առաջ ամբողջությամբ փաստագրվեին պետության զավթման՝ ընտրությունների կեղծման, պետական ռեսուրսի օգտագործման, ապօրինի ֆինանսավորման և իշխանության վերարտադրության մեխանիզմները, իսկ պատասխանատվությունը ստանար իրավական ձևակերպում, քաղաքական դաշտն այսօր բոլորովին այլ տեսք կունենար և այլ կանոններով կգործեր։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո այս հարցն արդեն նոր բովանդակություն ունի։ Իրավապահ մարմիններում կուտակվել են բազմաթիվ հաղորդումներ և քրեական վարույթներ՝ ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսավորման և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ։ Այդ նյութերը պետք է դիտարկել նաև միասնական պատկերի մեջ՝ պարզելու ֆինանսական ազդեցության, կիբեռմիջամտության և ապատեղեկատվության հնարավոր կապերը, դրանց կազմակերպվածության աստիճանն ու իրական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Եթե իշխանությունը հունիսի 7-ը բնորոշում է որպես «պետության զավթման փորձ», այդ գնահատականը չի կարող մնալ քաղաքական հայտարարության մակարդակում։ Այն պահանջում է ամբողջական փաստագրում, իրավական գնահատական և անհատական պատասխանատվության հստակ սահմանում։ Հակառակ դեպքում նույն գործիքակազմը շարունակելու է վերարտադրվել առաջիկա ՏԻՄ և հաջորդ բոլոր համապետական ընտրություններում նոր անուններով ու նոր քաղաքական ձևաչափերով։ Միջազգային դիտորդական առաքելությունն էլ արձանագրել էր ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական միջամտության խնդիրը։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում նշվում էր Ռուսաստանի հետ կապվող դերակատարներին վերագրված ապատեղեկատվական հրապարակումների և համակարգված ոչ իսկական վարքագծի մասին։ Այս փաստերը պետք է հավաքվեն մեկ ամբողջական պատկերի մեջ։ Պետք է պարզ դառնան ֆինանսավորման աղբյուրները, կազմակերպիչների շրջանակը, թվային և տեղեկատվական ցանցերը, արտաքին կապերը, ընտրակաշառքի մեխանիզմները և դրանց իրական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Եվրոպայում արդեն կան երկու ուշագրավ նախադեպեր։ 2023-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Շոր» կուսակցությունը։ Դատարանը հիմնվեց տարիներով փաստագրված համակարգային, շարունակական և խոշորածավալ ոչ թափանցիկ ֆինանսավորման վրա։ Գործի նյութերում առկա էին նաև օտար պետության ներգրավվածության վերաբերյալ տվյալներ։ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հետագայում հակասահմանադրական ճանաչեց այդ կուսակցության հետ կապված անձանց նկատմամբ հինգ տարվա համատարած ընտրական արգելքը։ Ռումինիայում 2024-ի նախագահական ընտրությունների առաջին փուլն ամբողջությամբ չեղարկվեց։ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրեց հետախուզական տվյալների գաղտնազերծումից հետո՝ մատնանշելով թվային տեխնոլոգիաներով ընտրողների մանիպուլյացիա, անհավասար մրցակցային պայմաններ և չհայտարարված ֆինանսավորում։ Այս երկու նախադեպերը մի բան են հստակ ցույց տալիս․ ժողովրդավարությունը կարող է պաշտպանել ինքն իրեն, բայց միայն իրավական ճանապարհով՝ համոզիչ ապացույցներով, հստակ ընթացակարգով և դատարանի որոշմամբ։ Հայաստանում ևս ԿԸՀ-ն չի կարող քաղաքական գնահատականի հիմքով պարզապես արգելել կուսակցության մասնակցությունը։ Ընտրական օրենսգիրքը որոշ ծանր ֆինանսական խախտումների դեպքում նախատեսում է ԿԸՀ-ի դիմում դատարան՝ ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ Հենց այստեղ է հունիսի 7-ից հետո մնացած իրական հարցը։ Իրավապահ համակարգում կուտակված հարյուրավոր վարույթները, ապօրինի ֆինանսավորման դեպքերը, կիբեռսպառնալիքների և տեղեկատվական միջամտության վերաբերյալ տվյալները դարձա՞ն ամբողջական քաղաքական և իրավական գնահատական։ Որոշվե՞ց դրանց փոխադարձ կապը, կազմակերպվածության աստիճանը և ազդեցությունը ընտրողների ազատ կամարտահայտության վրա։ Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Այդ փաստն էլ այս քննարկման պարտադիր մասն է։ Արայիկ Հարությունյանի «պետության զավթման փորձ» ձևակերպման հետ հնարավոր չէ համակարծիք չլինել, բայց հունիսի 7-ին տեղի ունեցածն այդ ավելի մեծ խնդրի միայն մեկ դրվագն է։ Այն առնվազը 1998թվականի պալատական հեղաշրջումից սկիզբ առնող նույն շղթայի շարունակությունն է՝ չտրված քաղաքկանա և իրավական գնահատական, պահպանված քաղաքական ու տնտեսական ազդեցություն, կուտակված ռեսուրսներ և դրանց վերադարձ ընտրական գործընթաց։ Հիմա անհրաժեշտ է այդ ամբողջ պատկերը հավաքել մեկ քաղաքական և իրավական գնահատականի մեջ։ Վերջին համապետական ընտրությունների վերաբերյալ քրեական վարույթները, ապօրինի ֆինանսավորման դեպքերը, կիբեռմիջամտության տվյալներն ու ընտրակաշառքի մեխանիզմները առանձին դրվագներ չեն․ միասին դրանք ցույց են տալիս նույն համակարգի գործողությունը։ Առանց այդ ամբողջական գնահատականի «պետության զավթում» ձևակերպումը կմնա քաղաքական արձանագրում, իսկ դրա պատճառներն ու գործիքները՝ անավարտ պետական խնդիր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14403

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով